AM
24 Մարտ 2011 - 12:32 AMT

Ստյոպա Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին առնչվող նամակ է ուղարկել ՀՀ ԱԺ նախագահին

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» հացադուլին առնչվող նամակ է ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Մարտի 21-ին` ԱԺ քառօրյա նիստերի մեկնարկի օրը, ի պատասխան ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական բողոքի վերաբերյալ վերաբերմունք արտահայտելու կապակցությամբ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի առաջարկի, Դուք մասնավորապես հայտարարեցիք. «Ասեմ, որ ես նոր եմ վերադարձել աշխատանքային այցից` Մեծ Բրիտանիայից, խոսել եմ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ եւ փորձել եմ տեղեկանալ նպատակի մասին` թե ինչ խնդիրներ է առաջադրել Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ կոնկրետ պատասխան չեմ ստացել»:

«Ձեր հայտարարությանը արձագանքում եմ մի քանի օր ուշացումով:

Հաստատելով մարտի 16-ի առավոտյան մեր կարճ հեռախոսազրույցը, պետք է նաեւ հիշեցնեմ, որ ի պատասխան Ձեր` «ո՞րն է պատճառը, որո՞նք են պահանջները, ի՞նչ պետք է անենք մենք» հարցերին, ես, մասնավորապես, պատասխանեցի. «Մարտի 15-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել 40 րոպեանոց հիմնավոր ելույթով, իսկ մարտի 13-ին «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը ընդունել է որոշում` 21 կետերով, որոնց ամբողջական տեքստերը տարածվել են ԶԼՄ-ներով: Ես չեմ կարող մի քանի րոպեի ընթացքում լիարժեք վերարտադրել դրանք: Հետեւաբար, լավ կլինի, որպեսզի Դուք ծանոթանաք դրանց եւ ինքներդ որոշեք, թե ինչ պետք է արվի»:

Քանի որ մարտի 21-ի Ձեր հայտարարութամբ Դուք հաստատել եք, որ դեռեւս չեք ծանոթացել դրանց եւ տեղյակ չեք նպատակներին, առաջադրված խնդիրներին, հարկ եմ համարում Ձեզ տրամադրել թե’ Րաֆֆի Հովհաննիսյանի մարտի 15-ի ելույթի ամբողջական տեքստը, թե’ «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստի` մարտի 13-ի որոշումը, որի 1-ին կետում ամրագրված է.

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հայտարարում է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ, ինչին համահունչ եւ երկիրը գահավիժումից զերծ պահելու մտահոգությամբ որոշում է` 1. Հնարավոր բոլոր եղանակներով` Ազգային ժողովի ամբիոնից մինչեւ հրապարակ, շարունակել պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձեւավորման համար»,-ասվում է Ստյոպա Սաֆարյանի նամակում: