AM
24 Մարտ 2011 - 12:38 AMT

Երևանում կներկայացվի «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագիրը

Մարտի 25-ին Երևանում տեղի կունենա «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի շնորհանդեսը:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան «Սեյվ դը չիլդրենի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ ԱԺ առողջության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և այլոք:

«Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երեխաների մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների կայացմանը` տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում:

Ինչպես ասվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Հանրային կապերի հաղորդագրության մեջ, ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը` «Ապագան քոնն է» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: