AM
24 Մարտ 2011 - 13:08 AMT

ԵՄ սահմանների օպերատիվ կառավարման գործակալությունը կաջակցի Հայաստանի սահմանների անվտանգության ապահովմանը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 24-ին ընդունել է Եվրամիության արտաքին սահմանների օպերատիվ կառավարման գործակալության (FRONTEX) գործադիր տնօրենի հատուկ հարցերով խորհրդական Գրահամ Լիզին եւ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ռիկ Վեյջերմանսին:

Արթուր Բաղդասարյանի` նախորդ տարվա նոյեմբերին Վարշավա կատարած այցի ընթացքում գործակալության գլխավոր տնօրենի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել համագործակցություն սկսել Հայաստանի եւ FRONTEX-ի միջեւ, որի արդյունքը պետք է լինի տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:

Գործակալությունը առանցքային դերակատարում ունի սահմանների կառավարման ինտեգրված մոդելի զարգացման գործում` ապահովելով Եվրամիության արտաքին սահմանների անվտանգությունը, ինչպես նաեւ` նպաստելով երրորդ երկրների հետ համագործակցության զարգացման եւ միգրացիոն հոսքերի նպատակաուղղված կառավարման գործընթացներին:

Գործակալությունը սերտ համագործակցում է Եվամիության եւ նրա արտաքին սահմանների անվտանգության համար պատասխանատու մարմինների հետ, մասնավորապես` Եվրոպոլի, մաքսային, ֆիտոսանիտարական եւ անասնապահական հսկողության, ներքին եւ սահմանային անվտանգության համար պատասխանատու իրավապահ մարմինների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նշված ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերին ստորագրել երկկողմ համագործակցության համաձայնագիր, որը հնարավորություն կտա իրականացնել համատեղ օպերացիաներ եւ պիլոտային ծրագրեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը մեծ նշանակություն կունենա ԵՄ չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ ունենալու, սերտիֆիկացված լաբորատորիաներ ձեւավորելու, ինչպես նաեւ` արհեստավարժ կադրեր պատրաստելու համար: Գործակալությունն արդեն համագործակցության երկկողմ համաձայնագրեր է կնքել ԵՄ անդամ 13 երկրների հետ, որոնք ներառված են Շենգենյան գոտում, ասվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի հաղորդագրության մեջ: