2011թ. մարտի 20-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները կարևոր ստուգատես էին ՀՀ իշխանությունների համար: Այս մասին ասվում է ՀԺԱՄ կուսակցության հայտարարության մեջ: Ըստ հայտարարության հեղինակների, քաղաքապետի պաշտոնում վերընտրված ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը ի ցույց դրեց Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների անցկացման մեխանիզմները, որոնք գրեթե ոչնչով չէին տարբերվում նախորդ ընտրություններից:
«Այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին իշխանությունների անհանդուրժող վերաբերմունքը յուրաքանչյուր տիպի այլակարծության և փոփոխությունների նկատմամբ, որի դիրքերից այս անգամ հանդես էր գալիս երիտասարդ անկուսակցական թեկնածու Սևակ Մինասյանը: Հաջող ընտրությունների ձախողմանը մեծապես նպաստեց նաև տեղի ոստիկանությունը, որը հանդես գալով բիրտ ուժի դիրքերից նույնիսկ ձերբակալեց ընտրակաշառքը կանխող, Սևակ Մինասյանի կողմնակից Անուշավան Ալեքսանյանին, ով մինչ այժմ գտնվում է կալանքի տակ: Նման երևույթները ստվեր են գցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կաշառակերության նկատմամբ» հայտարարության վրա, ինչպես նաև խորացնում մեր հասարակության մեջ անարդարության զգացումը»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
ՀԺԱՄ կուսակցությունը դատապարտում է Արմավիրում բացահայտ խախտումներով անցկացված ընտրությունները: Այս հանգամանքը պետք է մեծապես մտահոգի ՀՀ բարձրաստիճան ղեկավարությանը և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ այսուհետ իրականացվելիք յուրաքանչյուր ՏԻՄ ընտրություն կանխորոշելու է 2012թ. խորհրդարանական ընտրությունների որակը»,-ասվում է ՀԺԱՄ վարչության հայտարարության մեջ:





