AM
24 Մարտ 2011 - 14:32 AMT

Արմավիրի քաղաքապետի ընտրությունների ընթացքում օրինախախտումների դեպքերով հարուցվել են քրեական գործեր

ՀՀ Արմավիրի մարզի դատախազի ցուցումներով 2011թ. մարտի 20-ին Արմավիրի քաղաքապետի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների դեպքերով հարուցվել են քրեական գործեր:

Այսպես. 1. 2011թ. մարտի 20-ին1 ժամը 11.15-ին, Արմավիրի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Ա. Մարգարյանը հայտարարություն, այնուհետև` բացատրություն է տվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում այն մասին, որ իր աշխատանքային ընկերուհիներ Թ. Աբգարյանի և Ս. Մովսիսյանի հետ, վերջինիս ամուսնու եղբայր Տ. Ավետիսյանի ավտոմեքենայով, բնակելի թաղամասերից մեկի բակում սպասելիս են եղել իրենց մեկ այլ աշխատակցի: Այդ պահին 4-5 հատ սև գույնի ՙՋիպ՚ ավտոմեքենաներ շրջապատել են իրենց ավտոմեքենան, դրանցից դուրս են եկել 7-8 անծանոթ մարդիկ, մոտեցել իրենց, մեղադրել ՙփող բաժանելու՚ մեջ, ստուգել պայուսակները, որից հետո, ՙբռնի ձևով ստիպելով, բղավելով, քաշելով՚ տարել վարորդ Տիգրանին: Իրենք փախել են, պատսպարվել մի անծանոթի տանը, այնուհետև դիմել ոստիկանություն: Հարձակվողները տարել են նաև Տիգրանի ավտոմեքենան:

Քննությամբ պարզվել է, որ Տ. Ավետիսյանին քաղաքապետի թեկնածու Ս.Մինասյանի նախընտրական շտաբ է տարել Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Ալեքսանյանը :

Փաստի առթիվ 20.03.2011թ. ՀՀ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով: Ա. Ալեքսանյանը նույն օրը ձերբակալվել է:

Սույն թվականի մարտի 23-ին Ա. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նույն օրը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:

2. 2011թ. մարտի 20-ին, ժամը 16.30-ին Է. Պապիյանցը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում այն մասին, որ նույն օրը, ժամը 13-ի սահմաններում 2 անհայտ անձ իր անչափահաս որդի Ա. Պապիյանցին անծանոթ ավտոմեքենայով տարել են քաղաքապետի թեկնածու Ս. Մինասյանի նախընտրական շտաբ, որտեղ ծեծի են ենթարկել` ընտրակաշառք բաժանելու պատճառով՚:Ա. Պապիյանցը բացատրություն է տվել այն մասին, որ ժանը 13-ի սահմաններում փողոցում իր մոտ կանգել են 2 արտասահմանյան և 1 ՙՆիվա՚ մակնիշի ավտոմեքենա: Վերջինիս միջից դուրս են եկել 2 երիտասարդ, մոտեցել իրեն և մեղադրել քաղաքապետի թեկնածու Ռ. Խլղաթյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ, որից հետո իրեն առաջարկել են միասին գնալ շտաբ` պարզաբանելու: Շտաբում` 2-րդ հարկի սենյակներից մեկում, եղել է Ս. Մինասյանը 5-6 մարդկանց հետ: Իրեն կրկին մեղադրել են ընտրակաշառք բաժանելու մեջ, որն ինքը հերքել է: Մի երիտասարդ ապտակել է իրեն, բռնելով մազերից գլուխը հարվածել է սեղանին և բռունցքներով հարվածել մարմնի տարբեր մասերին: Մեկ այլ տղամարդ հայհոյել է իրեն: Քիչ անց իր մոտ է եկել մայրը, միասին դուրս են եկել, գնացել ոստիկանություն և հայտարարություն տվել կատարվածի մասին:

Փաստի առթիվ 21.03.2011թ. Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, կատարվում է նախաքննություն:

3. 2011թ. մարտի 20-ին, ժամը 17.15-ին քաղաքապետի թեկնածու Ս. Մինասյանի վստահված անձ Ս. Ցականյանը հայտարարություն է տվել ոստիկանության Արմավիրի բաժնում այն մասին, որ նույն օրը, ժամը 15-16-ի սահմաններում Արմավիրի 108 թաղամասում մի կնոջ մոտից ՙմեր պահանջով ներկայացվել է՚ 8 հատ ՀՀ քաղաքացու անձնագիր և խնդրել համապատասխան միջոցներ ձեռնարկել անձնագրերի պահպանման նպատակը պարզելու համար: Միաժամանակ Ս. Ցականյանը ներկայացրել է նշված անձնագրեր:

Փաստի առթիվ սույն թվականի մարտի 23-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

4. 2011թ. մարտի 21-ին, ժամը 13-ի սահմաններում Արմավիրի քաղաքապետի թեկնածու Ս. Մինասյանի մի խումբ համախոհներ շուրջ 50 ավտոմեքենաներով փակել են Երևան-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի Արմավիր քաղաքի մուտքի հատվածը, ցուցապաստառներով կանգնել փողոցի երթևեկելի մասերում, խաթարել տրանսպորտի և մարդկանց երթևեկությունը, ստեղծել խցանում 2 ուղղություններով ընթացող տրանսպորտային միջոցների համար և պահանջել անհապաղ բաց թողնել ձերբակալված Ա. Ալեքսանյանին: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները և ձերբակալվածին բաց թողնելու պահանջը ներկայացնել օրենքով սահմանված կարգով` իրավապահ մարմիններին դիմելու միջոցով:

Փաստի առթիվ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հարուցված քրեական գործերի նախաքննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության ապահովման նպատակով, ՀՀ Արմավիրի մարզի դատախազի կողմից հանձնարարվել է նախաքննական մարմնին ստուգման առարկա դարձնել նաև վերոնշյալ դեպքերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները և հաղորդումները, ասվում է նախարարության հանրային կապերի վարչության հաղորդագրության մեջ: