AM
24 Մարտ 2011 - 15:12 AMT

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ-1-ի աուդիտորի ընտրության արդյունքները պարզ կդառնան մարտի վերջին

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունում մարտի 24-ին բացվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ-1-ի աուդիտորի ընտրության համար ներկայացված Ֆինանսական առաջարկների փաթեթները:

Ֆինանսական առաջարկների փաթեթներ էին ներկայացրել «Grant Thornton» և «SOS-Audit» ընկերությունները, որոնց ներկայացուցիչները ներկա էին փաթեթների բացմանը: Գնահատման հանձնաժողովը հանձնարարել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի համապատասխան բաժնին ուսումնասիրել ներկայացրած ֆինանսական առաջարկները: Հաջորդ շաբաթ կհրավիրվի գնահատման հանձնաժողովի հերթական նիստը` ֆինանսական առաջարկները գնահատելու նպատակով:

2011 թվականի հունվարի 21-ին կայացած նիստի ընթացքում վերոնշյալ կազմակերպությունները մինչև սահմանված վերջնաժամկետը առանձին փակ և կնքված ծրարներով ներկայացրել էին տեխնիկական և ֆինանսական առաջարկները, և մարտի 12-ին կայացած հանձնաժողովի նիստի ընթացքում բացվել և գնահատվել էին միայն տեխնիկական առաջարկները: Նշված երկու կազմակերպությունները բավարարել են տեխնիկական գնահատման նվազագույն սահմանաչափը, որը հաստատվել է Ասիական զարգացման բանկի կողմից:

Գնահատող հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, քաղաքաշինության, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ճարտարագիտական ֆակուլտետի ներկայացուցիչները, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: