AM
26 Մարտ 2011 - 07:46 AMT

Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի հարևանությամբ ծովի ջրի ճառագայթման մակարդակը գերազանցվել է 1250 անգամ

Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի հարևանությաբ ծովի ճառագայթման թույլատրելի մակարդակը գերազանցվել է 1250 անգամ: Այդ տվյալները հրապարակել է Ճապոնիայի ատոմային էներգետիկայի գործակալությունը, հայտնում է AFP-ն:

Վերջին մի քանի օրում ծովի ջրի աղտոտման մակարդակը զգալիորեն աճել է: Մարտի 22-ին TEPCO ընկերությունը հայտնել է, որ յոդ-131-ի պարունակությունը ծովի ջրում գերազանցվել է 126,7 անգամ, իսկ ցեզիում-134-ինը՝ 24,8 անգամ: NHK հեռուստաալիքը նշել է, որ նմուշները վերցվել են էներգաբլոկից 300 մ հառավորության վրա:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: