AM
30 Մարտ 2011 - 12:26 AMT

Համայնքային բյուջեների կատարողականով բոլոր հարկատեսակների մասով գրանցվել է աճ, բացի հողի հարկից

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեց 2011թ. առաջին երկու ամիսներին համայնքային բյուջեների կատարողականի մասին հաշվետվությունը: Նշվեց, որ ընդամենը եկամուտների մասով կատարողականը կազմել է 74,9 տոկոս: Ընդհանուր առմամբ բոլոր հարկատեսակների մասով գրանցվել է աճ, բացի հողի հարկից:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համայնքային բյուջեների կատարողականի մասին հաշվետվություններն այսուհետ կոլեգիայի նիստում կներկայացվեն եռամսյակային կտրվածքով:

Կոլեգիային ներկայացվեց նաեւ ՀՀ համայնքների աշխատավարձերի պարտքերի մարման վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի` նախորդ տարիների պարտքից մարտի 18-ի դրությամբ մարվել է 28,2 մլն դրամ, ընթացիկ տարում կուտակվել է 11 մլն դրամ, որից ամենխոշորը Արմավիրի մարզինն է` 9,4 մլն դրամ: Ընդամենը պարտքը ներկայումս կազմում է 385,5 մլն դրամ:

ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա. Գիլոյանը հաշվետվություն ներկայացրեց հողօգտագործման բնագավառում ՀՀ պետական մարմինների, մարզպետների եւ ՏԻ մարմինների կողմից 2010թ-ին իրականացված գործառույթների վերաբերյալ: Մասնավորապես անդրադարձ եղավ գյուղնշանակության հողամասերից կամովին հրաժարվելու դեպքերին:

Արձանագրվեց, որ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար օրենսդրական մեխանիզմների հստակեցման անհրաժեշտություն կա:

Այս համատեքստում կարեւորելով հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրը` փոխվարչապետը նկատեց, որ անցած տարի լուրջ աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ: Մասնավորապես սահմանված ընթացակարգերն արդեն հնարավորություն են տալիս տեղերում իրականացնել հողատեսքերի փոփոխություններ, վերացնել սեփականության իրավունքի փաստաթղթերում առկա անճշտություններն ու սեփականության առաջին պետական անվճար գրանցման ժամկետային սահմանափակումը:

Աշխատանքերը շարունակվում են, եւ վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված եւ արդեն ուժի մեջ մտած «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքով եւս այդ ուղղությամբ էական քայլեր են արվում:

Ա. Գեւորգյանը կոլեգիայի անդամների ուշադրությունը հրավիրեց նոր փոփոխություններին, որոնցով մասնավորապես սահմանվում է, որ մինչեւ 1000 քմ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների եւ մինչեւ 5000 քմ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխության դեպքում կադաստրային արժեքների տարբերության վճարում չի կատարվում:

Կառուցապատում իրականացնելիս համապատասխան չափի հողամասի նպատակային նշանակությունը մեխանիկորեն համարվում է փոփոխված` համայնքի ղեկավարի կողմից որոշումն ընդունելուց եւ շինարարության թույլտվություն տալուց հետո: Նշված չափերը գերազանցելու դեպքում հողամասի ամբողջ մակերեսի նպատակային նշանակությունը փոփոխվում է սահմանված կարգով, իսկ վճարումները կատարվում են միայն վերոնշյալ 1000 եւ 5000 քմ մակերեսները գերազանցող մակերեսների մասով:

Բացի այդ, սեփականատերերը հողամասերի կադաստրային արժեքների առկա տարբերությունը համայնքային բյուջե են մուծում ոչ թե եռամսյա ժամկետում, ինչպես սահմանված է այլ դեպքերի համար, այլ մեկ տարվա ընթացքում: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ ընթացակարգային պարզեցումները հնարավորություն կստեղծեն, որպեսզի ավելի շատ տնտեսություններ զբաղվեն նման գործունեությամբ:

Նիստում կոլեգիան ի գիտություն ընդունեց նաեւ ՏԿՆ աշխատակազմի համայնքային ծառայության պետ Ա. Սողոմոնյանի տեղեկատվությունը` համայնքներում զինապարտ քաղաքացիների հաշվառման, գրանցամատյանների վարման գործընթացի մասին, ասվում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ: