Ապրիլ 3-10 Հայաստանի Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոնում իրականացվելու են սրտի ռիթմի խանգարման 11-ից ավել բարդ վիրահատություններ, այդ թվում նաև նախասրտերի շողացման ժամանակ իրականացվող ժամանակակից ամենաարդյունավետ բուժումը` այսպես կոչված թոքային երակների իզոլացիա: Վիրահատությունն արվում է փակ եղանակով, առանց կտրվածքների, և հետվիրահատական ապաքինումը 24-30 ժամ է կազմում միջինում: Սա առիթմիաների բուժման համար նախատեսված միջամտությունների մեջ նորագույն և հեղափոխական մեթոդ է, քանի որ թույլատրում է ունենալ նույն արդյունքները, ինչ ստացվում էր բաց վիրահատություններով:
Վիրահատություններն իրականացնելու են ՀԱՍԿ գործընկեր Կարապետ Դավթյանը և Լուսինե Մխիթարյանը: Բժ. Դավթյանը Մոսկվայի Բակուլևի անվան կարդիո-վիրաբուժության գիտահետազոտական կենտրոնի ավագ սրտաբան է, բժշկական գիտությունների դոկտոր: Բժ. Մխիթարյանը վերապատրաստվել է 2009-2010 թթ ԱՄՆ-ում, Վաշինգթոն Նահանգի Seacred Heart Medical Center –ում: Կատարվելու են ոչ միայն նախասրտերի շողացման այլ նաև սրտի ռիթմի խանգարման բուժմանն ուղղված մի շարք այլ բարդ միջամտություններ. մասնավորապես փորոքային տախիկարդիաների աբլյացիաներ, հավելյալ անցուղիների աբլացիաներ (այրում) և նախասրտերի թրթռացման ու էքստրասիստոլաների վերացմանն ուղղված միջամտություններ:
Վիրահատություններն իրականացվելու են ինչպես դասական ռադիոալիքային տատանման մեթոդի, այնպես էլ ժամանկակից սառեցմամբ ուղեկցվող մեթոդների կիրառությամբ: Նման վիրահատությունները փոխել են սրտի ռիթմի խանգարումների բուժման հանդեպ ժամանակակից պատկերացումները աշխարհում վերջին 4-5 տարիների ընթացքում և անշուշտ մեծ նորամուծություն են ՀՀ առիթմոլոգիայի և սրտաբանության ասպարեզում: Թոքային երակների իզոլացիան ներկա առիթմոլոգիայի մեջ համարվում է նախասրտերի շողացման բուժման նոր, ապահով (ցածր ռիսկայնությամբ) և շատ արդյունավետ մեթոդ: Այն արդեն շուրջ 5 տարի է լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ում ու Եվրոպական երկրներում:
ՀԱՍԿ-ում 2011-ից նախատեսվում է իրականացնել մի շարք նոր վիրահատություններ, այդ թվում նաև մանկական տարիքի պացիենտների մոտ ՀԱՍԿ-ի ԱՄՆ գործընկերների հետ համատեղ: Նմանատիպ ծրագրերի իրականացումը ոչ միայն կնպաստի ՀԱՍԿ-ի կլինիկական պրակտիկայի և պացիենտների բուժման որակը բարելավելու գործընթացներին, այլև հնարավորություն կտա ՀՀ սրտաբանության ոլորտին ևս մի քայլ կատարել դեպի արդի բժշկության ձեռքբերումները:





