«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հայտարարում է մրցույթ: Դրան կարող են մասնակցել մինչև 16 տարեկան այն դպրոցականները, ովքեր սիրում են գրել, հետաքրքրվում են լրագրությամբ և կցանկանային դառնալ «Արևածաղիկ» ամսաթերթի ստեղծողներից մեկը:
Պատանի լրագրողների խումբն ընտրվելու է մրցութային կարգով, որը կանցկացվի երկու փուլով: Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ թեմաներից որևէ մեկով գրված ստեղծագործություն.1. Ու երկնքում կշողա արևը 2. Նամակ անծանոթ բարեկամիս 3. Ամենահայը
Աշխատանքները խմբագրություն պետք է ներկայացվեն մինչև 2011 թ. մայիսի 2-ը: Մրցույթի երկրորդ փուլը կանցկացվի ամսաթերթի խմբագրությունում` տեղում հանձնարարված թեմաներով:
Ընտրված խմբի համար «Արևածաղկի» խմբագրությունը կկազմակերպի լրագրության անվճար դասընթացներ: Դրանք հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կստանան ավարտական վկայական և կընդգրկվեն ամսաթերթի ստեղծագործական կազմում:
Պատանիները կմասնակցեն նաև լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացներին, որոնք կկազմակերպվեն զուգահեռ: Դրանց նպատակն է մեդիայի տարբեր միջոցներով նպաստել երեխաների մասնակցությանը իրենց վերաբերող հարցերին, ինչպես նաև բարձրացնել նրանց պատասխանատվության զգացումը մարդու, մասնավորապես, երեխաների իրավունքների հանդեպ:





