AM
31 Մարտ 2011 - 08:06 AMT

Մարտի 18-ին ԱԺ-ն կվերանայի «հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը»

Մարտի 18-ին ԱԺ-ն կվերանայի «հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը»։ Այս մասին հայտնեցին այսօր կայացած ասուլիսում «Հայ Ֆայ» ստուդիայի տնօրեն Արտաշես Բոստանջյանը և «Ադամս Փրոդաքշն» ներկայացուցիչ Շավարշ Ղարիբյանը։

Ըստ Շավարշ Ղարիբյանի, ցանկացած ձայնասկավառակ թողարկելիս ըստ ՀՀ օրենքի «Ադամս Փրոդաքշն»-ը , «Հայ Ֆայ»-ը և դաշտում օրինական գործող այլ ընկերությունները դիմում են հայ կատարողներին, գնում են վերջիններիս հարակիրց իրավունքները՝ վճարելով նրանց հոնորարներ։ Այդ կերպ ստանում են իրավունք ստեղծագործությունների ձայնագրման, բազմացման և վաճառքի։ «Այժմ նոր օրենքն ասում է, որ պայմանագրի մեջ պետք է նշվի թողարկման քանակը։ Որոշ կատարողներ մահացել են, որոշները երկրում չեն այլևս, ոմանց հետ էլ արդեն ունենք պայմանագրեր: Իսկ արտասահմանյան ստեղծագործողների մասով ասվում է, որ պետք է պարտադիր պայմանագիր ունենալ իրավատիրոջ հետ, որպեսզի դրոշմանիշներ ստանանք։ Ստացվում է` ես անձամբ պետք է կապվեմ Մել Գիբսոնի հետ և պայմանագիր կնքեմ նրա հետ ու այս ամենը հասցնեմ ընդամենը 90 օրում»,- ավելացրեց Շավարշ Ղարիբյանը։

Արտաշես Բոստանջյանը նշեց, որ արտասահմանյան երկրներում արտասահմանյան ստեղծագործողների հետ կապված գործում է հետևյալ մեթոդը. «Դրսում սկավառակներ թողարկող ընեկերությունները հոնարարներ են վճարում պետությանը, իսկ պետությունն արդեն դիմում է համապատասխան արտասահմանյան արտադրողի ներկայացուցչին»։

«Հայ Ֆայ»-ը, «Ադամս Փրոդաքշն»-ը և մի շարք այլ ստուդիաներ ԱԺ-ին ուղղված նամակում ներկայացրել են իրենց առաջարկները։

«Մենք առաջարկում ենք հայկական ստեղծագործողների և կատարողների հետ հետ նախկինում կնքված պայմանգրերը թողնել ուժի մեջ, արտասահմանյան կատարողների ստեղծագործությունների ներմուծման համար տրամադրել դրոշմապիտակներ առանց պայմանագրերի և տրամադրել դրոշմապիտակներ նախկինում թողարկված սկավառակների համար՝ համապատասխան վճարով, այլապես մենք կունենանք մեծ կորուստներ»,- ավելացրեցին Արտաշես Բոստանջյանը և Շավարշ Ղարիբյանը։

Ըստ Արտաշես Բոստանջյանի օրենքի ճիշտ փոփոխությունները շատ կարևոր են օրինական գործող ստուդիաների համար, քանի որ նման կերպ կազատվեն պիրատների պիտակից. «Օրինական դաշտում գործող կազմակերպությունները չեն կարող պիրատներ հանդիսանալ,մենք վճարում ենք բոլոր հարկերը, հոնորարներ տալիս հայ հեղինակներին, թողարկում ենք նրանց սկավառակները։ Իսկ պիրատները գնում են մեր թողարկածը շուկայից, բազմացնում և վաճառում՝ առանց որևէ հարկ վճարելու և վերահսկման։ Պիրատները նրանք են, ովքեր չեն վճարում ոչ մեկին»։