AM
1 Ապրիլ 2011 - 08:57 AMT

Սերժ Սարգսյանը հրաժեշտ է տվել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեյցարիայի նախագահին

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ հրաժեշտի արարողությունը տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները: Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ տիկին Միշլին Քալմի Ռեյի այցից հետո Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիր Շվեյցարիայի Համադաշնության նախագահի առաջին պաշտոնական այցը, որի ընթացքում քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, խթան կհանդիսանա հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերում:

Շվեյցարիայի նախագահը ևս գոհունակությամբ է խոսել այցի արդյունքների մասին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: «Այս այցելությունը ցույց է տալիս, որ մեր երկու երկրներն էլ կամք ունեն երկկողմ հարաբերությունները զարգացնելու: Դուք գիտեք, որ Շվեյցարիան հավատարիմ գործընկեր և բարեկամ երկիր է»,-հրաժեշտից առաջ ասել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշլին Քալմի Ռեյը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: