AM
3 Ապրիլ 2011 - 12:46 AMT

Տիգրան Սարգսյանը երկրաբանների աշխատանքը համեմատել է բնական հարստությունների համար պայքարի հետ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 3-ին` Երկրաբանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրաբանության ոլորտի աշխատողներին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Մեր երկրի զարգացումն ու առաջընթացն անհնար է պատկերացնել առանց ձեզնից յուրաքանչյուրի կատարած աշխատանքի, որը կարելի է համեմատել բնական հարստությունների համար բնության տարերքների դեմ յուրատեսակ պայքարի հետ: Հայաստանի տնտեսությունն այլ դիմագիծ կունենար առանց հանքարդյունաբերության, ընդերքի հումքային ու տնտեսական ներուժի բացահայտման: Հայ երկրաբանների` խիզախ, նպատակաուղղված ու իրենց գործին նվիրված մարդկանց աշխատանքի շնորհիվ մեր երկիրն ունի հանքահումքային արդյունաբերության կայացած համալիր: Վստահ եմ` այսօր էլ ոլորտի զարգացման համար առանցքային են մասնագիտական որակները, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու ընդերքի արդյունավետ կառավարման մեխանիզմները: Դրանք կամրապնդեն արձանագրված հաջողություններն ու հանքարդյունաբերության և ընդհանրապես տնտեսության դինամիկ ու կայուն աճի հիմք կհանդիսանան: Կրկին շնորհավորում եմ երկրաբանի օրվա առթիվ, ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարին, իսկ ձեզ` առողջություն և նորանոր հաջողություններ», հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: