AM
4 Ապրիլ 2011 - 12:10 AMT

Գյումրեցիները կոչ են անում «Տաշիր-2011» մրցանակակիրներին հրաժարվել բնակարաններից

«Տաշիր-2011»-ի երաժշտական մրցանակաբաշխությանը բնակարաններ ստացած մեծարգո մրցանակակիր արվեստագետներ. հրաժարվեք ձեր ստացած բնակարաններից»,-ասվում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի հայտարարության մեջ: «Հավատացեք մենք այս կոչը անում ենք ոչ միայն աղետի գոտու երկու տասնամյակ ի վեր խարխուլ և խոնավ տնակներում մի կերպ պատսպարված անօթևան ընտանիքների շահերից ելնելով, այլ նաև հանուն Ձեր իսկ հեղինակության:

Անցած օրը հայ մեծահարուստների կողմից Ձեզ բնակարանների նվիրատվությունը միանշանակ չի ընկալվել, եթե չասենք բուռն վրդովմունք է առաջացրել գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների մոտ: Գուցե այլ կլիներ հասարակության արձագանքը, եթե Դուք իրոք ունենայիք այդ բնակարանների կարիքը: Ուստի առաջարկում ենք Ձեզ ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում և հրաժարվեք այդ նվիրատվությունից` դրանք փոխանցելով անօթևան ընտանիքներին:

Հավատացեք. Բնակարաններից հրաժարվելու պարագայում Դուք անհամեմատ ավելին ձեռք կբերեք` հասարակության հարգանքի ու վստահության տեսքով:

Ձեր այդ քայլը հայ մեծահարուստներին լավ դաս կլինի, որպեսզի նրանք ձեռնպահ մնան անտեղի շռայլություններից և անհարգի նվիրատվություններց»,-ասվում է ՀԿ-ի հայտարարության մեջ: