«Վարդաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Սարգիս Հացպանյանը, մեկնաբանելով 2011թ. ապրիլի 1-ին Հայաստանի ԶԼՄ-ներին ՀՀ ԱՆ ՔՎԿ պետի մամլո ծառայության կողմից իր անձին վերաբերող հաղորդագրությունը, գրում է, որ «ոչ մի տույժ չունենալու պարագայում նրա «պայմանական վաղաժամկետ ազատման» մասին խնդրանքը մշտապես մերժվել է: «Ավելին` նույնիսկ 7 տարվա պատժաչափով դատապարտվածներից իմ բախտակից-ընկերներին ազատ արձակած այս ապօրինի համակարգի` միայն 3,5 տարվան դատապարտվածիս` մինչ օրս «ամեն գնով» բանտում պահելն առավել քան խոսուն է եւ ենթակա չէ որեւէ մեկնաբանման»:
«Իսկ թե ինչու միայն ինձ` «ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցիս» ՀՀ ԱԺ 19.06.2009թ. «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն չեն ազատել, համաներումն իմ նկատմամբ ապօրինաբար չկիրառելով, երեւի թե բացի Արսեն Բաբայանից, որը զբաղեցնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի մամլո ծառայության պետի պաշտոնը, ողջ հայ ազգը գիտի»,-ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած հաղորդագրության մեջ:
«Սակայն, անդրադառնալով մի այլ աղաղակող երեւույթի, որը վերաբերվում է իմ` 2011թ. մարտի 1-ից սկսած յուրաքանչյուր աշխատանքային օր «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետին ներկայացրած «ԶԼՄ ներկայացուցիչների հետ տեսակցություն ունենալու» օրինական պահանջիս` նույն Արսեն Բաբայանի կողմից մերժման արժանացվելու փաստին, ստիպված եմ նրան բացասական բնութագրել, քանի որ իբրեւ արեւմտյան արժեքներով դաստիարակված մարդ` ես չեմ կարող պատկերացնել պետական պաշտոն զբաղեցնողի կողմից անտարբեր անցնելու իրավիճակ եւ հորդորում եմ նրան` կարգավորել իր վարքը, փորձելով օրենքի շրջանակներից դուրս չգալ, որպեսզի օր առաջ Եվրոպա հասնել կարողանանք»,-ասվում է Սարգիս Հացպանյանի նամակում:





