Երևանում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը, որը վարում էր ատյանի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Օրակարգում ընդգրկված էր երեք հարց` ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության մասնակցությամբ կազմակերպվող 2011թ. համահայկական մրցանակաբաշխության մասին, «Հարավային (Լատինական) Ամերիկայի կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության» ծրագրի շրջանակներում 2011թ. կատարվելիք աշխատանքների մասին, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության հաշվետվությունը և ընթացիկ հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպվող «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում 2011թ. անցկացվելիք մրցույթի 3 անվանակարգերի վերաբերյալ` «Մայրենիի լավագույն ուսուցիչ», «Լավագույն երիտասարդական կազմակերպություն և «Կտոր մը Հայրենիք»: Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են գլխավոր, առաջին, երկրորդ, երրորդ կարգի և խրախուսական մրցանակներ:
«Հարավային (Լատինական) Ամերիկայի կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության» ծրագրի շրջանակներում 2011թ. կատարվելիք աշխատանքների մասին զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Գ.Դաբաղյանը: Ծրագրի շրջանակներում 2011թ. նախատեսվում է Հայաստանում` Երևանում և Գյումրիում, կազմակերպել Ուրուգվայի «Կռունկ» երգչախմբի համերգը, աջակցել Սան Պաուլոյի համալսարանի հայագիտական ամբիոնի աշխատանքներին, կազմակերպել «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով միջոցառումներ, այդ թվում` գրքի հրատարակություն, ցուցահանդես, համերգ, կլոր սեղան քննարկում և այլն:
ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության կողմից 2010թ. կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ Ա.Դումանյանը: Նա անդրադարձավ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների անձնագրերի ստեղծման և համալրման, տարածաշրջանում գործող հանրակրթական հաստատություններին ուսումնական գրականությամբ ապահովելու, Հայաստանում բնակվող իրաքահայերի ինտեգրման և այլ ծրագրերի ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ատյանի անդամներին մանրամասներ ներկայացրեց մարտի 23-ից ապրիլի 1-ը ԱՄԷ, Սինգապուր և Ավստրալիա կատարած այցի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:





