AM
6 Ապրիլ 2011 - 08:35 AMT

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Մաքուր Ջուր»-ը աջակցում են Նոյեմբերյանի նորածինների առողջության պահպանմանը

Մայրության և գեղեկցության օրվա առիթով և Հայաստանի խոցելի համայնքներում նորածնային առողջության բարելավման համատեղ ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Մաքուր ջուր» ընկերությունը Նոյեմբերյանի հիվանդանոցին կտրամադրեն նորածնային առողջության պահպանման համար անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներ: Այս բուժսարքավորումները հնարավորություն կտան հիվանդանոցին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել նորածինների կյանքը փրկելու տեղում` առանց կենտրոնական հիվանդանոց տեղափոխման:

Նոյեմբերյանի հիվանդանոցը մոտ 400 ծնունդներ է ընդունում ամեն տարի և քաղաքի ու մոտակա 17 գյուղերի շուրջ 20,000 բնակչությանը մատուցում է տարբեր տիպի բժշկական ծառայություններ, ներառյալ ծնունդների ընդունումը:

Համաձայն պաշտոնական վիճակագրության` Հայաստանում մինչև 1 տարեկան երեխաների մահերի 70%-ը տեղի է ունենում կյանքի առաջին 28 օրվա ընթացքում, այսինքն նեոնատալ փուլում: Այս մահերի մեծ մասը հնարավոր կլիներ կանխարգելել, եթե այդ երեխաներին ժամանակին տրամադրվեր պատշաճ անտենատալ և նեոնատալ խնամք, վերականգնողական ծառայություններ, և եթե հիվանադոցները հագեցած լինեին անհրաժեշտ բուժսարքավորումներով:

«Մաքուր ջուր» ընկերությունը, որը Հայաստանում պաշտոնապես հանդիսանում է շշալցված խմելու ջրի խոշոր մատակարար, համագործակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ Հայաստանում նորածինների առողջությունը բարելավելու ոլորտում, ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության մեջ: