ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցն ըննդեմ «Երկիր» օրաթերթ չունի ոչ մի հիմնավորում, քանի որ լրատվամիջոցը իր հրապարակմամբ չի վիրավորել պատգամավորի արժանապատվությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը, մեկնաբանելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնից խմբագրություն ուղարկված նամակը, որով կալանքի տակ է դրվում խմբագրության գույքը, բացառությամբ դրամական միջոցների:
«Ինչպես մենք նախկինում էլ ասել ենք դատարանում, մեր թերթի հրապարակումը չի վիրավորել պատգամավորի արժանապատվությունը: Մեղադրանքն անհիմն է»,- ասաց Եսայանը:
Մեկնաբանելով վերջին շրջանում հաճախակի դարձած դատական հայցերն ըննդեմ ԶԼՄ-ների (այս վերջին օրերի ընթացքում սա արդեն 3 դեպքն է), «Երկիր» շաբաթերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ սա պայմանավորված է օրենսդրական փոփոխությամբ, որով վիրավորանքի կամ զրպարտանքի համար հոդվածներն ապաքրեականացնվեցին, փոխարինվելով տուգանքի սահմանմամբ: «Եթե նախկինում լրագրողներն ու ԶԼՄ-ները ենթարկվում էին քրեական պատասխանատվության վիրավորանք հասցնելու համար, ապա հիմա ստիպված են վճարել մեծ տուգանքներ, ինչն ավելի դժվար կացության մեջ է դնում լրատվամիջոցներին: Այս օրենսդրական փոփոխությունը մահակ դարձավ և օգտագործվում է խոսքի ազատության սամնափակման համար»,- ընդգծեց խմբագիրը:
Տիգրան Արզաքանցյանը «Երկիր» օրաթերթին դատի էր տվել: Նա գտնում է, որ օրաթերթն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը` այս տարի հունվարի 13-ի համարում` «131 դեմք ու դիմակ» խորագրի տակ, երբ այբբենական կարգով ներկայացրել ենք այս պատգամավորին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել «Հրապարակ» օրաթերթին` մեղադրելով լրատվամիջոցին իր արժանապատվությունը վիրավորող տեղեկատվություն հրապարակման մեջ:





