AM
12 Ապրիլ 2011 - 05:01 AMT

ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայի տնօրենը դիմել է Սերժ Սարգսյանին Սամսոն Խաչատրյանի գործին միջամտելու խնդրանքով

Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տնօրեն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Եվգենի Սուդակովն ու Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Լեբզյակը պաշտոնական նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որով իրենց անհանգստությունն են հայտնել հռչակավոր բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի կալնավորման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակը», նամակում նշվում է, որ «հայտնի մարզիկի կալանավորման փաստը խորապես ցնցել և մտահոգել է ամբողջ սպորտային աշխարհը: Լավ ճանաչելով Սամսոն Խաչատրյանին` որպես օրինապաշտ քաղաքացու, վստահ ենք, որ նա չէր կարող իրեն հակաօրինական արարք թույլ տալ»:

Նամակով ռուսաստանցի հայտնի մարզիկները խնդրում են Սերժ Սարգսյանին միջամտել իրադրությանը Սամսոն Խաչատրյանին ազատ արձակելու նպատակով: Նամակում նշվում է, որ Խաչատրյանի ձերբակալության պատճառները ելնում են նրա հասարակական գործունեությունից, ինչն անընդունելի է:

Ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության, մարտի 13-ին, ժամը 17.00-ին, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել Սամսոն Խաչատրյանը: Բերման են ենթարկվել նաև այդ պահին ավտոմեքենայում գտնվող Պողոս Կրմզյանն ու Միսակ Հովակիմյանը:

2011 թ. մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին:

Ս. Խաչատրյանն բաժնում հայտարարել է, որ քաշքշուկի ընթացքում հնարավոր է հարվածած լինի, սակայն չի կարող ասել, թե ում է դիպել հարվածը:

Նույն օրը, ժամը 20-ին, Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է:

Նրա հետ բերման ենթարկված անձինք որպես վկա հարցաքննվել և ազատ են արձակվել:

Ընդդիմադիր ուժերը Սամսոն Խաչատրյանի ձերբակալության մեջ քաղաքական դրդապատճառներ են տեսնում: