Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման ներկա իրավիճակին, նշել է, որ ապրիլի 11-ից քաղաքապետարանի աշխատակազմի կողմից ուսումնասիրություններ կիրականացվեն ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում։ Մոնիտորինգին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև Երևանի ճարտարագիտական համալսարանի, Արդյունաբերական քոլեջի և Արհեստագործական հ.1 ուսումնարանի թվով 60 ուսանողներ։ Ըստ այդմ, իրականացված մոնիտորինգի արդյունքում կհավաքագրվի երթուղիներում շահագործվող շարժակազմերի փաստացի քանակի, արտաքին տեսքի և սանիտարական վիճակի, երթուղիների սպասարկման վիճակի, վարորդների արտաքին տեսքի և նրանց կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, որի վերլուծության արդյունքում հնարավոր կլինի պարզել երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մակարդակը, նշել է քաղաքապետը:
Ամփոփելով ապրիլի 9-ին մայրաքաղաքում իրականացված համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի արդյունքները` Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին և բոլոր այն կառույցներին, ովքեր ակտիվ մասնակցություն են ցուցաբերել:
Հիշեցնելով, որ ապրիլի 16-ը նույնպես մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր, քաղաքապետը աշխատակազմի պատասխանատուներին հանձնարարել է պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննակվել են նաև համաքաղաքային ընթացիկ ծրագրերին վերաբերող այլ հարցեր: Հանձնարարվել է սահմանված ժամկետներում սկսել և ավարտել մայրաքաղաքի փողոցների, բակերի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները, հաղորդում է Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը:





