AM
12 Ապրիլ 2011 - 10:54 AMT

Կարեն Կարապետյան: Երևանը չի կարող մշտական շինհրապարակ լինել

Երևանը չի կարող մշտական շինարարական հրապարակ լինել: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, շինհրապարակների ներկայությունն Երևանում կարևոր է, սակայն դրա մշտական առկայությունն անընդունելի է: «Շինարարությունը պետք է կոմերցիոն լինի, սակայն դա չի նշանակում թե չեն լինի սահմանափակումներ: Կառուցապատողները պետք է ապահովեն սեյսմիկ անվտանգության պահանջները»- նշեց քաղաքապետը: Նրա խոսքով, շինարարության ոլորտում քաղաքապետարանը շեշտը դնելու է բնակֆոնդի խնդրի լուծման վրա: Կարապետյանը ընդգծց, որ «էլիտար շինարարությունն» Երևանում ինչ- որ չափով արդեն կայացել է, ու անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել վարչական շենքերի ակտիվ օգտագործման հարցը` վթարային շենքերի բնակչության կարիքները բավարարելու համար:

Անդրադառնալով մայրաքաղաքում կանաչ գոտիների պահպանման հարցին` Կարապետյանն ասաց, որ այդ գոտիներում ոչ մի շինարարություն չի իրականացվելու: «Մենք այս հարցում հետևողական ենք լինելու: Այս շաբաթօրյակին մեր ուշադրության կենտրոնում են լինելու Երևանի գլխավոր պողոտաներն ու այգիները»,- Կարապետյանը: Բացի այդ նա տեղեկացրեց, որ Հրազդան կիրճի բարեկարգման մասով քաղաքապետարանը ծրագիր է մշակում: Կարապետյանը խոստացավ, որ Հրազդանի կիրճը կդառնա բարեկարգ ու կանաչապատ հանգստի գոտի երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար: