Ապրիլի 12-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել հանրապետության խոշոր հարկ վճարողների հետ: ՊԵԿ-ի 2011 թվականի գործունեության հիմնական ուղղություններից է շարունակում մնալ Խոշոր հարկ վճարողների նկատմամբ անհատական մոտեցումը, ինչն իր հերթին ենթադրում է վերահսկողության ուժեղացում, միաժամանակ սպասարկման որակի բարձրացում: Խոշոր հարկատուների հետ հանդիպմանը ՊԵԿ ղեկավարության կողմից ներկայացվել է համակարգում իրականացված բարեփոխումները, մասնավորապես հարկային վարչարարության հիմնական ուղղությունները:
ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանն անդրադարձել է շուրջ 440 խոշոր հարկ վճարողների կողմից 2011թ. առաջին եռամսյակում հավաքագրված ցուցանիշներին: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ. առաջին եռամսյակում պետական բյուջե են հավաքագրվել 49,2 միլիարդ դրամի հարկեր և 10,2 միլիարդ դրամի սոցիալական վճարներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38,8 միլիարդ դրամի հարկերի և 8,3 դրամի սոցիալական վճարների դիմաց, ինչն ապահովել է պետական բյուջե մուտքերի աճ` հարկերի մասով 10,4 միլիարդ դրամի չափով (26,8% ), իսկ սոցիալական վճարների մասով 1,9 միլիարդ դրամի չափով (22,8%):
Ըստ Աշոտ Արզումանյանի, ՊԵԿ կողմից հավաքագրված ընդհանուր հարկերում 2011թ. առաջին եռամսյակում 4,4%-ով ավելացել է խոշոր բիզնեսից գանձված հարկերի տեսակարար կշիռը: Այսպես, 2010թ. առաջին եռամսյակում հավաքագրված 56,1%-ի դիմաց 2011թ. նույն ժամանակաշրջանում գանձվել է 60,5% (38,6 միլիարդ դրամ` 2010թ. 68,8 միլիարդից և 49.2 միլիարդ դրամ` 2011թ. 81,3 միլիարդից):
Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված բոլոր հարկ վճարողները, հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնում են էլեկտրոնային եղանակով, իսկ նրանցից 82% արդեն էլեկտրոնային հարկային հաշիվներ է դուրս գրում: Տեսչությունում հաշվառված հարկ վճարողների իրացման շրջանառությունը ևս 2011թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում աճ է արձանագրել` կազմելով 325,2 մլրդ դրամ, կամ 2010-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 8%-ով ավելի:
2010թ. 4-րդ եռամսյակում վարձու աշխատողների միջին ամսական թվաքանակը կազմել է 134 հազ. մարդ (2009-ի նույն շրջանի համեմատ 2104-ով ավելի), նրանց հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կազմել է 161,6 հազ. դրամ (10.9 հազ. դրամով ավելի):
2011թ. առաջին եռամսյակում հարկ վճարողներին է վերադարձվել մոտ 3 միլիարդ դրամի գերավճար:
2011թ. նախատեսվում է պետական բյուջեի մուտքերն ավելացնել 90 մլրդ դրամով, որի հիմնական մասն, ըստ տեսչության պետի, ակնկալվում է ապահովել հենց խոշոր հարկ վճարողներից գանձվող հարկերի հաշվին, հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:





