AM
13 Ապրիլ 2011 - 11:57 AMT

Հայաստանի նախկին վարչապետը խնդրում է Ռուբեն Հախվերդյանին հեռու մնալ քաղաքականությունից

ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը խնդրում է հայտնի բարդ, երգահան Ռուբեն Հախվերդյանին զերծ մնալ քաղաքական գնահատակններից: «Ես շատ եմ սիրում Ռուբեն Հախվերդյան-բարդին և շատ մտերիմ եմ համարում իր երգարվեստը, նաև եղբայրական վերաբերմունք ունեմ հենց իր՝ Ռուբենի նկատմամբ։ Եվ այս դիրքերից է, որ ուզում եմ խնդրել նրան զերծ և հեռու մնալ քաղաքական գնահատականներից ու հրապարակային ելույթներից, դրանք արժեզրկում են իր սքանչելի արվեստը, հեռացնում իրեն ստեղծագործության ասպարեզից, այսինքն այն ոլորտից, որտեղ նա կարող է դրսեվորել իր տաղանդի ու հնարավորության առավելագույնը»,- ասվում է PanARMENIAN.Net-ի կողմից ստացված Արմեն Դարբինյանի հայտարարության մեջ։

«Այս իմաստով աչքիս առջև է ռուսական տաղանդավոր բարդ Ալեքսանդր Ռոզենբաումի օրինակը, որը պատգամավոր դառնալով այդպես էլ չդարձավ քաղաքական գործիչ, իսկ ստեղծագործողն էլ կորցրեց իրեն բնորոշ լարը»,- ասում է Դարբինյանը։ Նրա կարծիքով, հայ հանրությանը այսօր սուր անհրաժեշտ չեն Հախվերդյանի քաղաքական մտքերը, բայց «համոզված եմ որ մենք բոլորս շատ ավելի աղքատ կլինենք առանց իր արվեստի։ Հրապարակային խնդրում եմ նրան կենտրոնանալ վերջինիս վրա»: Օրերս մամլո ասուլիսի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը հայտարարել է, որ «տպավորություն է ստեծվում , որ Հայաստանի նախորդ և ներկա իշխանությունները մեկ նպատակ էին հետապնդում՝ քանդել երկիրը, սակայն, քանդելով, ոչինչ չկառուցեցին: Քանի դեռ երկրի ղեկավարությունը խորհրդային մտածելակերպ ունի, ոչինչ չի փոխվի»:

Նա նշել է նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասելով, որ ամեն ինչ հարկավոր է նոր էջից սկսել, առաջին հերթին պետք է ինքն իրենից սկսի, քանի որ, ըստ Հախվերդյանի, «Սարգսյանը ևս այդ կոռումպացված աշխարհի մասն է հանդիսանում»: Հախվերդյանը հավելել է նաև, որ չի մասնակցելու առաջիկա 2012-13թթ. խորհրդարանական ու նախագահական ընտրություններին, քանի որ վստահ է, որ դրանք կեղծվելու են:

Նա ընդգծել է, որ մտավորականության ճշմարիտ ներկայացուցիչ է համարում միայն «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին: