AM
14 Ապրիլ 2011 - 09:05 AMT

Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչները արդարադատության նախարարին մեղադրում են անտեղյակության մեջ

Արձագանքելով սույն թվականի ապրիլի 13-ին Ազգային ժողովում ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, թե քրեակատարողական հիմնարկներում բենզինը թմրանյութի դեր է կատարում` Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միությունը նշում է.

«Անհասկանալի է նախարարի շեշտադրումը բենզինի` որպես թմրանյութի պատրաստման համար հիմնական բաղադրիչի վրա, քանի որ նշված թմրանյութը պատրաստվում է ցավազրկող ու հակադեպրեսանտ համարվող մի շարք դեղատեսակների հետ բենզինի ու ծծումբի միախառնումով:

Երիտասարդությանը հուզող կարևորագույն այս խնդրի շուրջ ՀԵՔԳՄ-ի կողմից նախաձեռնվել է քննարկումների շարք, որոնց մասնակցել են նաև քաղաքական կուսակցության երիտասարդական թևերի ներկայացուցիչները: ՀԵՔԳՄ-ը կոչ էր արել կառավարությանը` քայլեր ձեռնարկել, որպեսզի վտանգավոր այդ մի շարք դեղորայքները այլևս ազատ չվաճառվեն դեղատներում և ներառվեն պետական հսկողության ենթակա հոգեմետ դեղերի ցուցակում: Կոչին օպերատիվ արձագանքել էր կառավարությունը 2010 դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած նիստի ընթացքում և համապատասխան որոշում կայացրել:

Փաստորեն, նորանշանակ նախարարը թերևս տեղյակ չէ հիմնախնդրի մանրամասներին. դրանով է միգուցե պայմանավորված այն փաստը, որ նա չի իմացել այդ դեղերի անունները և անվանել է դրանք «որոշակի այլ նյութեր»:

Ցավալի է, որ մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, ուժերի ներածին չափով փորձում ենք լուծումներ առաջարկել նմանօրինակ հիմնախնդիրների վերաբերյալ, իսկ պետական պաշտոնյաները միայն անզոր կոչեր են «հնչեցնում», և ավելին, այդ կոչերն էլ լի են անորոշ ու ոչ կոնկրետ ձևակերպումներով»: