AM
14 Ապրիլ 2011 - 12:44 AMT

Երևանում քննարկում են քաղաքացիական մասնակցության կարևորությունը պետական որոշումների հարցում

Ապրիլի 14-ին Երևանում ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպած 2-օրյա համաժողովի ընթացքում քննարկված թեմաներից էին քաղաքացիական մասնակցությունը որոշումների կայացմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, կառավարության թափանցիկության բարձրացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին և լրատվամիջոցների ազատության խթանմանը, ինչպես նաև արդյունավետ կառավարմանը:

Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության» (EPD) կազմակերպությունների կողմից` «Ազգային ներդրում հանուն ժողովրդավարության» օժանդակության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

«Հայաստանում ուժեղ քաղաքացիական հասարակության ձևավորումը ժողովրդավարացման գործընթացի պարտադիր մասն է կազմում: Այն կարևոր խթան է հանդիսանում կառավարման բազմաթիվ ոլորտներում և զգալիորեն կնպաստի երկրի զարգացմանը», ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

«Ամրապնդելով կապը Հայաստանի հասարակական կազմակերպությունների և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի նրանց գործընկերների միջև` մեր գրասենյակը փորձում է խմբերին հնարավորություն ընձեռել, որպեսզի նրանք սովորեն միմյանց փորձից և նրանց մոտ բարձրացնել իրենց սահմանված նպատակները քարոզելու կարողությունը»:

«Համաժողովը յուրահատուկ հնարավորություն էր ժողովրդավարական կառավարման համատեքստում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերին առնչվող հարցերը քննարկելու համար: Ուշադրությունը Կենտրոնական Եվրոպայի կազմակերպությունների հետ փորձի փոխանակմանը խիստ կարևոր էր, քանի որ այդ կազմակերպություններն ունեն անցումային ժամանակաշրջանի թարմ յուրահատուկ փորձ և միաժամանակ լավ պատկերացում հետխորհրդային համատեքստի առանձնահատկությունների ու յուրատեսակ անցումից բխող մարտահրավերների մասին», – ավելացրեց Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության կազմակերպության գործադիր տնօրեն Կարլոս Հերնանդես Ֆերեյրոն:

Հայաստանի և Եվրոպայի քաղաքացիական հասարակության խմբերի մոտ հիսուն ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող համաժողովի նպատակն է նպաստել կառուցողական տեսակետների, լավագույն փորձի և Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայից քաղած դասերի փոխանակմանը: Երեք առանձին խմբերում մասնակիցները քննարկեցին քաղաքացիական մասնակցության և ազատ լրատվամիջոցների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, շրջակա միջավայրի պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը և կառավարման թափանցիկությունը բարձրացնելու ու կոռուպցիայի դեմ պայքարելու միջոցով արդյունավետ կառավարումն ուժեղացնելուն առնչվող հարցեր, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: