AM
18 Ապրիլ 2011 - 15:35 AMT

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանի դեմ դատական հայց է ներկայացվել

Ապրիլի 18-ին Հայաստանի սփյուռքի նախարարությունում կայացավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, «Մեկ ագգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձան վերջին շրջանում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանի կողմից ՀՀ սփյուռքի նախարարության և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հասցեին ներկայացրած «մեղադրանքներին»:

Ստեփան Պետրոսյանի խոսքով, Թամարա Պողոսյանի հնչեցրած «մեղադրանքները» կեղծ են ու շինծու, դրանք դատարկ են ու մտացածին և դրանց նպատակը շանտաժն է ու զրպարտությունը: «Նրա կողմից բարձրացված աղմուկի իրական պատճառն այն է, որ «Մեկ ագգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը թույլ չի տվել անարդյունավետ ծախսել պետական բյուջեով նախատեսված գումարները` կանխելով չարաշահումները, իսկ Թամարա Պողոսյանը բարձրացրած աղմուկով փորձում է շեղել հանրության ուշադրությունը կեղծիքներից»,- նշեց նա:

Ստեփան Պետրոսյանն անթույլատրելի համարեց Թամարա Պողոսյանի գործելաոճը` շեշտելով, որ վերջինս, ղեկավարելով հիմնադրամը, ծախսել է միայն պետական բյուջեով հատկացված գումարները և չի փորձել ծրագրեր իրականացնել` հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ աղբյուրներից գումարներ ներգրավելով: Նախարարի տեղակալը փաստեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունում ոչ մի կոռուպցիոն երևույթ չի կարող լինել: Իսկ որևէ կազմակերպության հետ գործ ունենալու դեպքում նախարարությունը փորձում է անել հնարավորինը` կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար:

Արա Վարդանյանն իր հերթին հավելեց, որ Թամարա Պողոսյանը, գերազանցելով իր լիազորությունները, կատարել է աուդիտի ընտրություն, նշանակել է աշխատավարձեր, հաստատել է կառուցվածք, ինչը ոչ թե գործադիր տնօրենի իրավասությունն է, այլ հոգաբարձուների խորհրդի:

Ստեփան Պետրոսյանն իր խոսքը եզրափակեց` հավելելով, որ 2011թ. ՀՀ սփյուռքի նախարարությունը ոչ մի ծրագիր չի պատվիրակել «Մեկ ագգ, մեկ մշակույթ» հիմնադրամին, իսկ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը դիմել է դատարան զրպարտության և բարի համբավի արատավորման մեղադրանքով` ընդդեմ Թամարա Պողոսյանի, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: