«Դպրոցական» բլոգը հայտարարում է պատմվածքի մրցույթ դպրոցական բարձր դասարանի աշակերտների համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր դպրոցների` 15-18 տարիքային խմբի աշակերտները: Թեմայի սահմանափակում չկա: Պատմվածքները պետք է լինեն 12 տառաչափով, 3-18 էջի սահմաններում, չպետք է հրապարակված լինեն որևէ այլ միջավայրում:
Սիրելի դպրոցականներ, հատուկ ընդգծվում է, որ սա շարադրությունների մրցույթ չէ: Պետք է գրել պատմվածքներ: Պատմվածքները բլոգին ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 28-ն է: Մրցույթը կամփոփվի սեպտեմբերին: Գլխավոր մրցանակը Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպն է` Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ: Այն արժե 25 000 դրամ: Գիրքը «Դպրոցական» բլոգի պատմվածքների մրցույթին նվիրել է թարգմանիչը և մակագրել մրցույթի հաղթողին:
Լինելու են նաև այլ մրցանակներ. դրանք բոլորը ժամանակակից գրողների գրքեր են. Մարինե Պետրոսյան, Արամ Պաչյան, Հասմիկ Սիմոնյան: Կլինեն նաև գրքեր Հրանտ Մաթևոսյանի հոբելյանական հրատարակությունից, ինչպես նաև արտասահմանյան գրականության ամսագրեր: Լավագույն պատմվածքները կտպագրվեն մամուլում: Բոլոր մրցանակակիրները կստանան «Դպրոցական» բլոգի հավաստագիր:





