AM
20 Ապրիլ 2011 - 04:56 AMT

«Հայկական ժամանակ». Ապրիլի 19-ին Գայ գյուղի բնակիչները մի քանի ժամով փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ապրիլի 19-ին Էջմիածնի Գայ գյուղի բնակիչները փակել էին Երևան-Էջմիածին ճանապարհը` բողոքելով անարդար որոշման դեմ: Թերթում նշված է, որ ըստ էջմիածինցիների, Գայ գյուղում 2000 թվականից անհասկանալի պատճառներով էլեկտրաէներգիայի պարտք է կուտակվել, իսկ գյուղի էլեկտրիկը որոշել է աշխատանքից հեռանալուց առաջ այդ պարտքը բաժանել գյուղացիների վրա` ըստ «խղճի» յուրաքանչյուրի վրա բարդելով 20-200 հազար դրամ:

Օրերս էլ գյուղացիները` մոտ 200 տնտեսություն, «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից նամակ են ստացել, որ եթե 5 օրվա ընթացքում չմարեն այդ պարտքերը, իրենք ստիպված կլինեն օրենքի սահմաններում իրենց վերապահված գործողություններին անցել: Գյուղացիներն էլ որոշել են անարդար որոշման դեմ պայքարել մայրուղին փակելով: Ակցիան տևել է մի քանի ժամ, և միայն Էջմիածին քաղաքի ոստիկանապետին է հաջողվել անձամբ ցրել շղթան:

Ավելի ուշ, գյուղացիներին հայտնել են, որ «Էլեկտրական ցանցեր»-ի հատուկ հանձնաժողովը կստուգի եղելությունը: