Ապրիլի 19-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ անվանի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը դատապարտվեց մեկ տարի ազատազրկման, միևնույն ժամանակ դատարանը որոշում կայացրեց պատիժը պայմանականորեն չկիրառել, Խաչատրյանին դատարանի դահլիճից ազատ արձակել և նշանակել մեկ տարվա փորձաշրջան:
Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը, Սամսոն Խաչատրյանի գործով դատավճիռը կայացվեց բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա:
Ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության, մարտի 13-ին, ժամը 17.00-ին, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել Սամսոն Խաչատրյանը: Բերման են ենթարկվել նաև այդ պահին ավտոմեքենայում գտնվող Պողոս Կրմզյանն ու Միսակ Հովակիմյանը:
2011 թ. մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին:
Ս. Խաչատրյանն բաժնում հայտարարել է, որ քաշքշուկի ընթացքում հնարավոր է հարվածած լինի, սակայն չի կարող ասել, թե ում է դիպել հարվածը:
Նույն օրը, ժամը 20-ին, Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է:
Նրա հետ բերման ենթարկված անձինք որպես վկա հարցաքննվել և ազատ են արձակվել:





