AM
20 Ապրիլ 2011 - 13:24 AMT

ՀՀ փոխվարչապետը ծանոթացել է երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ապրիլի 20-ին Արարատի մարզի մի շարք համայնքներում ծանոթացավ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ընթացքին, եղավ նաեւ Արմաշի եւ Ավշար-Այգեվանի պոմպակայաններում: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Է. Բարսեղյանը, «ՀՄՀ -Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը եւ այլ պատասխանատու անձինք:

Փոխվարչապետին տեղեկացվեց, որ թե Արմաշի, թե Ավշար-Այգեվանի պոմպակայաններում վերականգնումը գրեթե ավարտված է, մնացել են հարդարման վերջին աշխատանքները: Երկու պոմպակայաններն էլ վերազինվել են նոր սարքավորումներով, ինչն անհամեմատ մեծացրել է դրանց հզորությունները: Անցած շաբաթվանից Արմաշի պոմպակայանն սկսել է ջրի մատակարարումը, Ավշար-Այգեվանում վերազինումն ամբողջությամբ կավարտվի մայիսի վերջին, սակայն այլընտրանքային տարբերակները պատրաստ են, եւ պահանջված քանակով ջրամատակարարում հնարավոր է իրականացնել առաջիկա օրերին:

Մարզի Դարակերտ, Մասիս, Լուսառատ եւ Փոքր Վեդի համայնքներում Ա. Գեւորգյանը ծանոթացավ «ՀՄՀ -Հայաստան» -ի ծրագրով երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքներին:

Պատասխանատուները տեղեկացրին, որ բոլոր չորս համայնքներում առաջնահերթ վերականգնվել են ջրանցքների այն խնդրահարույց հատվածները, որոնք կարող էին խոչընդոտել անխափան ջրամատակարարմանը: Նշվեց, որ շինարարական կազմակերպությունները սերտորեն գործակցում են համայնքների եւ ՋՕԸ-երի հետ, համատեղ ճշգրտվում են առաջնահերթ վերականգնում պահանջող հատվածների, ջրամատակարարման կազմակերպման ժամկետների հետ կապված հարցեր: Գյուղապետերի հետ ձեռք բերված փոխհամաձայնությամբ` բոլոր չորս համայնքներում արդեն առաջիկա 2-3 օրվա ընթացքում հնարավոր կլինի ջրանցքների միջոցով ոռոգում կազմակերպել:

Ջրանցքների ամբողջական վերականգնման աշխատանքները կշարունակվեն մինչեւ օգոստոս: Փոխվարչապետը հորդորեց դրանք կազմակերպել այնպես, որ ընթացքում անխափան ոռոգման համար խոչընդոտներ չառաջանան: Ծրագրի արդյունավետ իրականացման հարցում նա կարեւորեց բոլոր ներգրավված մարմինների ու կազմակերպությունների համագործակցությունը:

Ա. Գեւորգյանն ՔԱԳՎ պետ Ա. Մովսիսյանի, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ղեկավարության ուղեկցությամբ ծանոթացավ օդանավակայանի բեռնահամալիրին կից կառուցվող սառնարանային համալիրի շինարարական աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ներկայացվեցին համալիրի հնարավորություններն ու հզորությունները: Այն ունի 2200 քմ տարածք, արդեն տեղադրված են սառնարաններ` ընդհանուր 114 տոննա եւ սառցարաններ` 24 տոննա տարողությամբ, ինչպես նաեւ արագ սառեցման, խոնավեցման եւ այլ համակարգեր: Նշվեց, որ ստեղծվել են անհրաժեշտ պայմանները` Հայաստանի մրգերն ու բանջարեղենը պատշաճ որակով միջազգային շուկա դուրս բերելու համար:

Փոխվարչապետը կարեւորեց նման համալիրի գործարկումը` նկատելով, որ այն կնպաստի ոչ միայն արտահանման ծավալների ավելացմանը, այլեւ կխթանի տեղական գյուղմթերքի արտադրությունը, այգեգործությունը կդարձնի ավելի եկամտաբեր, հաղորդում է ՏԿՆ hասարակայնության հետ կապերի բաժինը: