AM
21 Ապրիլ 2011 - 04:19 AMT

«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը կատարել է ՀԱԿ-ի երեք գլխավոր պահանջներից մեկը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 20-ին կատարել է Հայ ազգային կոնգրեսի երեք առաջնային պահանջներից մեկը: Ինչպես նշում է «Հայկական ժամանակը», նա մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացումներ է տվել: Սույն հավաստիացումները նա տվել է նախագահական նստավայրում դատաիրավական բարեփոխումների հարցերի վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ: «Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են և, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում…»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Թերթը երբ հարցրել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանին, թե ինչպես է ՀԱԿ-ը վերաբերվում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նա պատասխանեց.«Մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտման պատրաստակամության վերաբերհյալ պաշտոնական հավաստիացումը կատարելու պահանջը համարում ենք կատարված»:

Նախագահն իր խոսքում նաև նշել էր. «Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երևի ինձնից լավ որևէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ ևս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է և´ մեր պետության, և´ մեր հասարակության, և´ նաև տարբեր շահարկումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»:

ՀԱԿ-ը ակնկալում է իր բոլոր երեք պահանջների կատարում մինչև ապրիլի 28-ի հանրահավաքը: Բացի մարտի 1-ին վերաբերող պահանջից, կանգրեսականները պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և վերականգնել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրավունքը: