AM
21 Ապրիլ 2011 - 13:20 AMT

Ոստիկանությունը որպես իր կատարողականի գնահատման չափորոշիչ ընդունելու է հասարակական կարծիքը

Ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման օրակարգում ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ Համագործակցության մասին հուշագրի Լրացուցիչ արձանագրության ստորագրումն էր:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը անդրադարձավ ոստիկանության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքին: Ընդգծելով, որ ոստիկանությունը հաստատակամ է բարեփոխումները ողջ ծավալով եւ ժամանակին ավարտին հասցնելու գործում, Ալիկ Սարգսյանը բարձր գնահատեց գործընկերությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ եւ վստահություն հայտնեց, որ բարեփոխումների առարկայական արդյունքը տեսանելի կլինի ամենամոտ ապագայում:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսն իր ելույթում նշեց, որ ըստ հարցումների արդյունքների՝ որոշ դրական փոփոխություններ ոստիկանության գործունեության մեջ ակնհայտ են, բայց դեռեւս պետք է զգալի աշխատանք կատարվի ցանկալի արդյունքին հասնելու համար: Սերգեյ Կապինոսը հավաստիացրեց, որ պատրաստակամ են խորացնելու համագործակցությունը բարեփոխումների վճռորոշ փուլում գտնվող ՀՀ ոստիկանության հետ, եւ աշխատանքը կշարունակվի արձանագրությամբ ամրագրված բոլոր ուղղություններով:

Հանդիպման ավարտին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը եւ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը ստորագրեցին ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ Համագործակցության մասին հուշագրի Լրացուցիչ արձանագրությունը:

Արձանագրության մեջ մասնավորապես ասված է.

«2008 թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ստորագրված Համագործակցության մասին հուշագրի Լրացուցիչ արձանագրությանե շրջանակներում երկու կառույցները համաձայնության են եկել հետևյալի շուրջ. Ոստիկանության կառուցվածքում կստեղծվի Ոստիկանության բարեփոխումների բաժին` Ոստիկանության բարեփոխումների գործընթացը համակարգելու և 2011 թվականից ի վեր ընկած ժամանակաշրջանի համար բարեփոխումների քաղաքականությունը մշակելու համար: Ոստիկանության բարեփոխումների բաժնի ստեղծման և գործունեության համար ԵԱՀԿ-ն կտրամադրի անհրաժեշտ աջակցություն և ուղղորդում:

Ոստիկանությունը կվերանայի իր կատարողականի գնահատման չափորոշիչները` իբրև հիմնական չափորոշիչներից մեկը ընդունելով հասարակական կարծիքը` բացահայտված հասարակական կարծիքի հարցումների միջոցով, որոնք կիրականացվեն համապատասխան անկախ ընկերությունների կողմից: ԵԱՀԿ-ն կաջակցի Ոստիկանությանը` հասարակական կարծիքի պարբերական հարցումներ կազմակերպելու գործում: Հասարակական կարծիքի հարցումների արդյունքները հիմք կծառայեն Ոստիկանության ռազմավարության մշակման համար` ուղղված Ոստիկանության նկատմամբ բնակչության վստահության բարձրացմանը:

ԵԱՀԿ-ն կհրավիրի ոստիկանական կրթության գծով միջազգային փորձագետի, որի հիմնական գործառույթները կըդնգրկեն Ոստիկանության կրթական հաստատությունների նոր թեստային համակարգի մշակում, Ոստիկանության կրթական հաստատություններ ընդունելության անկախ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ առաջարկության մշակում և այլն:

ԵԱՀԿ-ն կհրավիրի համայնքային ոստիկանության գծով միջազգային փորձագետի, որի հիմնական գործառույթները կըդնգրկեն Համայնքային ոստիկանության ռազմավարության մշակում, այսինքն` Ոստիկանության համակարգում Համայնքային ոստիկանության դերի սահմանում, երկրում Համայնքային ոստիկանության մոդելը ներդնելու համար անհրաժեշտ փոփոխությունների գնահատում, Երևան քաղաքում Համայնքային ոստիկանության կիրառմանն ուղղված գործողությունների պլանի մշակում, համայնքային ոստիկանների աշխատանքի նկարագրություն:

ԵԱՀԿ-ն կհրավիրի Հասարակական կարգի պահպանության գծով միջազգային փորձագետի, որի հիմնական գործառույթները կըդնգրկեն հասարակական կարգի պահպանության մեջ ընդգրկված ոստիկանության աշխատակիցների համար ուղեցույց-ձեռնարկի մշակում, հասարակական կարգի պահպանության գծով դասախոսների ուսուցում և այլն»: