AM
22 Ապրիլ 2011 - 07:15 AMT

Բակո Սահակյանը Ասկերանի շրջանի ղեկավարության հետ քննարկել է սոցիալ-տնտեսական խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 21-ին այցելել է Ասկերանի շրջան:

Երկրի ղեկավարը հանդիպումներ է ունեցել Ուղտասար, Նախիջեւանիկ, Վարդաձոր եւ Սառնաղբյուր համայնքների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա հիմնախնդիրները:

Այնուհետեւ նախագահը Ասկերան շրջկենտրոնում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին եւ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել շրջանի գյուղապետերի, ձեռնարկությունների ղեկավարների, գործարարների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը նշել է, որ զարգացման համար Ասկերանի շրջանն ունի լուրջ ներուժ, եւ շոշափելի առաջընթաց գրանցելու համար պետք է այն ադյունավետորեն օգտագործել:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման ձեւաչափով խորհրդակցությունների անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս իրավիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները դիտարկել տարբեր տեսանկյուններից:

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: