ԵրՊԼՀ Ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ԵրՊԼՀ ֆրանսերենի ամբիոնի աջակցությամբ ապրիլի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Համահայկական երիտասարդական կենտրոնում կազմակերպվեց ֆրանսերեն լեզվով գիտաինտեկտուալ փառատոն: Միջոցառման նպատակն է ՀՀ տարբեր բուհերի` ֆրանսերենին տիրապետող ուսանողներին հնարարավորություն տալ ի ցույց դնելու իրենց գիտելիքները Ֆրանսիայի և ֆրանկոֆոն այլ երկրների քաղաքակրթության, ինչպես նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների վերաբերյալ: Ծրագիրը նպատակ ունի նաև փառատոնի մաս կազմող բանավեճի օգնությամբ անցկացնել ֆրանսերենի ինքնատիպ ստուգատես, որի շնորհիվ մասնակիցները կդրսևորվեն ոչ միայն բազմակողմանի զարգացվածության, այլև իրենց լեզվական կարողությունները: Ծրագրի իրականացմամբ ընդգծվում է նաև ԵրՊԼՀ Ուսանողական խորհրդի կողմից ՀԵՀ-ի աջակցությամբ անցկացվող նմանատիպ միջոցառումների ավանդականությունը, որի մեկնարկը ըստ էության տրվել է նախորդ տարի՝ անգլերենով այդպիսի փառատոնի կազմակերպմամբ:
Ծրագիրն ուղղված է ՀՀ տարբեր բուհերի ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրանտներին, ովքեր տիրապետում են ֆրանսերենին, և հետաքրքրվում ինտելեկտուալ խաղերով: Փառատոնին մասնակցելու են ՀՀ 9 բուհ ներկայացնող թիմեր:
Հաշվի առնելով մեր երկրում հաճախ ռուսերեն, երբեմն նաև հայերեն կազմակերպվող ինտելեկտուալ մրցաշարերի առատությունը՝ ԵրՊԼՀ ՈՒԽ-ը, ներկայացնելով լեզվաբանական բուհ, ստանձնել է այլ լեզուներով նմանատիպ միջոցառումների կազմակերպման պատասխանատվությունը: Վերոնշյալ փառատոնը կազմված է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» և «Բրեյն թեստ» ինտելեկտուալ խաղերից, ինչպես նաև բանավեճից, որի առանցքում կքննարկվեն հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ներկայիս կարգավիճակի և վերջինիս համատեքստում երկու երկրների երիտասարդության դերակատարության հիմնահարցերը: Միջոցառումն անցկացնելով ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում՝ կարևոր ենք համարում ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակութային միջավայրն օգտագործելով լայնորեն ներկայացնել հայ ուսանողի՝ նշված խնդրին առնչվող գիտելիքները, տեղեկատվածությունը և պատրաստակամությունը՝ համագործակցության նոր եզրեր հաստատելու բարեկամ ժողովուրդների միջև:
Փառատոնին որպես հյուր, ինչպես նաև ժյուրիի անդամ հրավիրված են ՀՀ-ում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի, Լիբանանի դեսպանները, Ֆրանկոֆոնիայի հարցերով ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը, նշված կառույցների աշխատակիցներ և այլոք:
Հաշվետու ծրագիրը նոր զարկ կտա Հայաստանում Ֆրանկոֆոն շարժման զարգացմանը, ուսանողներին հնարավորություն կտա հաղորդակցվելու ֆրանսիական մշակույթին, հեռանկար կստեղծի տարբեր բուհերի ֆրանկոֆոն ուսանողների համագործակցության համար:





