AM
23 Ապրիլ 2011 - 10:05 AMT

Հայաստանում մեկնարկել է Իմունիզացիայի եվրոպական շաբաթը

«Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնության անցկացման մտահղացումը ծնվել է 2004 թվականին: Ամենամյա միջոցառման գերխնդիրը պատվաստումների մասին հանրային իրազեկության բարձրացումն է և պատվաստման ենթակա յուրաքանչյուր անձին կառավարվող վարակիչ հիվանդություններից պատվաստումների միջոցով զերծ պահելն է: Նախաձեռնության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես բնակչության առավել խոցելի խմբերին: Իմունիզացիայի եվրոպական շաբաթն այս տարի կանցկացվի է ապրիլի 23-30-ը:

Ինչպես նշվում է Հայաստանի առողջապահության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով կանխարգելիչ պատվաստումների միջոցով յուրաքանչյուր տարի փրկվում է ավելի քան 3 միլիոն մարդու կյանք, միլիոնավոր մարդկանց մոտ կանխվում է վարակիչ հիվանդության և հաշմանդամության զարգացումը: Յուրաքանչյուր ոք պատվաստման վերաբերյալ երկմտելուց առաջ պետք է քաջ գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային լուրջ անբարեհաջող դեպքի առաջացման ռիսկը: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80 000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում և ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել: