AM
24 Ապրիլ 2011 - 14:12 AMT

Էջմիածնում կատարվել է հոգեհանգստի կարգ Եղեռնի նահատակների հիշատակին

Ապրիլի 24-ին, Երևանի ժամանակով ժամը 16:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մայր Տաճարի հարևանությամբ կանգնեցված Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ կատարվել է հոգեհանգիստ` նվիրված 1915թ. Հայոց Եղեռնի նահատակների հիշատակին:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ և բազում հավատացյալներ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հուշարձանը հայ նահատակներին նվիրված առաջին հուշարձանն է Հայաստանում, կառուցվել է 1965 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ` Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի առիթով: Հուշարձանը նաև խորհրդանշական գերեզման է ցեղասպանության զոհերի համար. 1965 թ. նոյեմբերին Աղոթքի և ուխտի խաչքար-հուշարձանի ներքո ամփոփվել են Դեր-Զորից բերված նահատակների աճյունները: