AM
29 Ապրիլ 2011 - 12:43 AMT

Փոխվարչապետը շնորհակալ է միջազգային կառույցներին Հայաստանում մարդահամարի անցկացմանը աջակցելու համար

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ ապրիլի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում

2011թ. անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից տեղեկատվություն ներկայացվեց մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որը հանձնաժողովն ընդունեց ի գիտություն: Մասնավորապես նշվեց, որ մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման գործառույթների կանոնակարգման ու իրականացման համար անհրաժեշտ 66 փաստաթղթերից 46-ն արդեն իսկ հաստատվել են ՀՀ վիճակագրության պետական խորհրդի (ՎՊԽ) որոշումներով, որոնք հրապարակվել եւ հասանելի են ՀՀ ԱՎԾ ինտերնետային կայք-էջի` «Մարդահամար-2011» բաժնում:

Մարդահամարի ծրագրի (հարցաշարի)` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվելուց հետո, մյուս փաստաթղթերը եւս կհաստատվեն ՀՀ ՎՊԽ կողմից:

Նիստում անդրադարձ եղավ համայնքներում հասցեների ճշգրտման խնդրին` հոկտեմբերի 12-21-ը բուն մարդահամարի արդյունավետ իրականացման տեսանկյունից: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալներով` 2010թ. դեկտեմբերիի 24-ից մինչեւ այս տարվա ապրիլի 24-ը ճշգրտվել է 12 հազ. 118 քաղաքացու հասցե: Փոխվարչապետը նշեց, որ գործընթացը կշարունակվի մինչեւ հունիսի 1-ը, որպեսզի բուն մարդահամարի նախաշեմին նոր փոփոխություններ չլինեն:

Մանրամասն քննարկվեց նաեւ մարդահամարի ծրագրի (հարցաշարի) նախագիծը, որը կազմվել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի հանձնարարականների համաձայն, ներկայացվել շահագրգիռ պետական մարմիններին ու ոչ կառավարական հաստատություններին եւ փորձարկվել 2010թ. հոկտեմբերին անցկացված փորձնական մարդահամարի ընթացքում:

Հանձնաժողովը հավանության արժանացրեց նախագիծը եւ Ազգային վիճակագրական ծառայությանն առաջարկվեց այն ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Նիստում քննարկվեցին նաեւ մի շարք կազմակերպչական, այդ թվում` մարդահամարի անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների հայթայթմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ պետբյուջեից հատկացումները 21 տոկոսի փոխարեն կկազմեն ընդհանուր գումարի (6,7մլն դոլար) 25 տոկոսը:

Ա. Գեւորգյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց այն պետություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերել 2011թ. բուն մարդահամարի կազմակերպմանը: Նա կարեւորեց անհրաժեշտ միջոցների ներգրավման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը, որի վերաբերյալ կա նաեւ ՀՀ նախագահի հանձնարարականը: ՀՀ արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարվեց հարցը պահել օրակարգում` աշխատելով հատկապես Եվրամիության, ԵՄ անդամ-երկրների, ԱՄՆ-ի հետ: