AM
29 Ապրիլ 2011 - 13:08 AMT

Հայաստանի առաջին նախագահն ու Թինա Քայդանաուն քննարկել են սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում

Ապրիլի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քայդանաուի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես` Հայ Ազգային Կոնգրեսի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը և երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:

Հանգամանալից վերլուծվել է Հայաստանում արմատավորված լայնածավալ կոռուպցիայի հաղթահարման, քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման, մանր և միջին բիզնեսի, գյուղացիության վիճակի բարելավման և նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղիները, ինչպես նաև ծայրահեղ չափերի հասած արտագաղթի խնդիրը:

Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: