Ապրիլի 29-ին կայացավ Հայաստանի սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հերթական նիստը, որը վարում էր ատյանի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Օրակարգում ընդգրկված էին «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոցի», «Ուսումնական և հանրամատչելի գրականության առաքում Սփյուռքի կրթօջախներին» ծրագրերը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության հաշվետվությունը և ընթացիկ այլ հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը ներկայացրեց Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի ծրագրի նպատակները, հիմնական խնդիրները, գերակայությունները` անդրադառնալով ակնկալվող արդյունքներին: Նա մասնավորապես նշեց, որ նպատակ է դրված «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոցի» շրջանակներում հայ երիտասարդ առաջնորդների համար ստեղծել փոխադարձ ճանաչողության դաշտ, կապել Հայրենիքի հետ, ծանոթացնել նախարարության համակարգին, ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, կազմակերպել հանդիպումներ պետական իշխանության համակարգի ներկայացուցիչների, ԶԼՄ-երի հետ, մշակել հետագա համագործակցության ձևեր և միջոցներ: Դպրոցի աշխատանքը կրելու է պարբերական բնույթ, կկազմակերպվի յուրաքանչյուր տարի:
Խնդրին միջամտեց նախարարը` նշելով, որ Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հետ քննարկելով նախարարության մի շարք ծրագրեր` որոշել են մի քանիսին համահեղինակել: Համաձայն այս պայմանավորվածության նախատեսվում է «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոցի» կազմակերպումը հետաձգել մոտ մեկ ամսով, որպեսզի հնարավորինս շատ հայ երիտասարդներ մասնակցեն «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոցին» հաջորդող երտասարդական համաժողովին:
«Ուսումնական և հանրամատչելի գրականության առաքում Սփյուռքի կրթօջախներին» ծրագիրի ընթացքի մասին զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա ներկայացրեց ՀՀ պետական բյուջեի միջոցներով 2008-2010թթ. ընթացքում ձեռք բերված և Սփյուռք փոխանցված ուսումնական գրականության մասին հակիրճ տեղեկություններ: Ֆիրդուս Զաքարյանը նշեց նաև, որ 2008-2010թթ. ընթացքում Սփյուռքի կրթօջախների կողմից ամենամեծ պահանջարկ են ունեցել հիմնականում դասագրքերը:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության կողմից 2010թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ վարչության պետ Ատոմ Մխիթարյանը: Նա ներկայացրեց «Մեր մեծերը», «Արի տուն», «Մայրենիի տարի», «Սփյուռքի հայկական կրթօջախներին ուսումնական գրականության առաքում», «Մեկօրյա դպրոցների ցանցի ընդլայնում», «Քույր դպրոցներ» և այլ ծրագրերի շրջանակներում վարչության կողմից իրականացված աշխատանքները, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:





