Ապրիլի 29-ին տեղի ունեցավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Խորհրդի 28 անդամներից նիստին մասնակցում էր 20-ը:
Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև գործադիր տնօրենի բողոքների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության տեղեկանքը:
Հիմք ընդունելով պաշտոնական փաստաթղթերում բերված փաստերը` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն արձանագրեց, որ հիմնադրամն իր կանոնադրական գործառույթներն իրականացրել է մասնակիորեն` միայն պետության կողմից նախատեսված և ֆինանսավորված միջոցառումների շրջանակներում, հիմնադրամի գործադիր տնօրեն Թ. Պողոսյանը գերազանցել է իր լիազորությունները, խախտել «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի և կանոնադրության պահանջները, ժամանակին չի կատարել հոգաբարձուների խորհրդի որոշումը:
Քննարկումների արդյունքում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանին հայտարարել խիստ նկատողություն և դիմեց Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին` կազմակերպել հիմնադրամի գործունեության ֆինանսատնտեսական համալիր ստուգումներ:
Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
Հոգաբարձուների խորհրդի նիստում միաձայն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ վերընտրվեց Հրանուշ Հակոբյանը:





