AM
5 Մայիս 2011 - 09:01 AMT

Հայ մասնագետները չեն կարողանում կողմնորոշվել մանկատների ու որբերի քանակի հարցում

Հայաստանում նվազել է որբերի և որբանոցների թիվը: Ինչպես լրագրողներին հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնախնդիրների վարչության պետ Լալա Ղազարյանը, «Հայաստանում նախկին 8 մանկատների փոխարեն կա 7 պետական մանկատուն, իսկ մանկատան բնակիչների թիվը 1400-ից նվազել է 800-ի»,-ասաց Ղազարյանը:

Սակայն այդ տեսակետին հակադրվում է Հայ օգնության միության (ՀՕՄ) Երևանի գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանը, պնդելով, որ դա այդպես չէ: «Գյումրիում անցած տարի փակվել է 1 պետական մանկատուն, սակայն ի հակադրություն դրան, բացվել է 2 մասնավոր մանկատուն»,-ասել է Մնացականյանը: ՀՕՄ-ի և նախարարության տեսակետները տարբերվում են նաև մանկատան շրջանավարտներին տրամադրած բնակարանների վիճակի հարցում: Ըստ Ղազարյանի, բոլոր շրջանավարտներն այժմ բնակվում են քաղաքակիրթ պայմաններում և բնակարաններում, իսկ ըստ Մնացականյանի, 20 շրջանավարտ այժմ ապրում է անմարդկային պայմաններում, կիսանկուղային կացարաններում՝ նրանց բնակարանների միջով է անցնում ողջ շենքի կոյուղու խողովակը: