“Զինադադարը կնքելուց անմիջապես հետո Հայաստանի ղեկավարության պարտվողական կեցվածքը բերեց նրան, ինչ այսօր ունենք Արցախյան հարցում: Հողեր զիջելու մասին հայկական կողմի հայտարարությունները ոգևորեցին հակառակորդին”, – Երևանում հրավիրած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեց “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Նրա խոսքով, ոչ մեկ չի ուզում ասել, որ Հայաստանն այլևս զիջելու բան չունի:
“Չգիտեմ, թե ի՞նչն է իրենց վախեցնում` աթո՞ռը թե կյա՞նքը: Այնքան արեցին, որ արտասահմանյան բոլոր քաղաքական գործիչները, ԶԼՄ-ները միանվագ պնդում են, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մենք էլ խոսում ենք փոխզիջումների մասին, մինչդեռ այսօր Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ու զենք է կուտակում, վայելում է Թուրքիայի աջակցությունը: Այդ է պատճառը, որ այսօր Ադրբեջանը և Թուրքիան լկիտացել են”,- նշեց «Արաբո» ջակատի հրամանատարը:
Նրա խոսքով, հենց սկզբից Արցախի հարցի կարգավորման գործընթացը դրվեց սխալ հիմքի վրա. «Մադրիդյան սկզբունքների հիմքը դրեց առաջին նախագահը, երկրորդը շարունակեց, երրորդն էլ չի կարողանում դրանք ավարտին հասցնել»:
Մանվել Եղիազարյանը ցավով նշեց, որ Հայաստանում քաղաքական ուժերի պառակտվածությունը, ժողովրդի ծանր սոցիալական վիճակը, արտագաղթի կտրուկ աճը կարող է շատ թանկ արժենալ հայ ժողովրդին: «Ե'վ ընդդիմության, և' իշխանության մեջ շատ են մարդիկ, որոնք մեծ մեղք ունեն երկրի այսօրվա վիճակի համար: Ե'վ ինչպե՞ս են նրանք մտադիր կարգավորել այս վիճակը, չգիտեմ: Գիտեմ մի բան` կեղտոտ ձեռքերով մաքուր գործ չես կարող անել»,- ասաց Եղիազարյանը: Նրա խոսքով, թե’ իշխանությունը, թե’ ընդդիմությունը այս օրհասական պահին պետք է մտածի ժողովրդին համախմբելու մասին:





