Մայիսի 5-ի ընդլայնված լիագումար նիստում Հանրային Խորհուրդն ի գիտություն ընդունեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի զեկույցը՝ ՀԽ 2009-2010թթ. գործունեության վերաբերյալ, որոշեց նիստի արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը և ՀՀ նախագահին: Ներկայացնելով 2009-2010թթ. գործունեության ընթացքում Հանրային խորհրդում իրականացված որոշակի քայլերը ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն իր զեկույցն այսպես ամփոփեց. «Կարծում եմ, մենք արդար գործ ենք անում և կհաղթահարենք ինչ-ինչ դժվարություններն ու մեր հասարակությանը, մեր պետությանը կհանձնենք մի ինստիտուտ, մի գործիք, որն օգտակար կլինի մեր ժողովրդին ու մեր պետությանը»:
ՀԽ իրականացրած այն քայլերը, որոնք Վազգեն Մանուկյանը առանձնացրեց ռազմավարական նշանակություն ունեցողների խմբում, հետևյալն են. գյուղատնտեսություն. «Այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, բայց Հանրային խորհուրդն ընտրեց կոոպերացիայի հարցը և հետևողականորեն առաջ է տանում, ու այդ գաղափարն ընդգրկվել է կառավարության բոլոր փաստաթղթերում»: Կրթություն.«Կրթական համակարգում բազմաթիվ հարցեր կան, և տարիների ընթացքում այս Հանրային խորհուրդը, ապագա Հանրային խորհուրդներն անընդհատ անելիք են ունենալու կրթական համակարգում»: Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. «Խնդիրը լայնորեն քննարկվեց: Ի վերջո Հանրային Խորհուրդը եկավ այն եզրակացության, որ պետք է գնալ հարաբերությունները բարելավելու ճանապարհով: Չի կարելի հրաժարվել այդ ճանապարհից, նույնիսկ այն դեպքում, երբ դիմացինը հակված չէ այդ ճանապարհով մեզ չափ քայլել առաջ»: Հեռուստատեսային եթերի բովանդակություն. «Անհանգստություն կար, որ հեռուստատեսային հաղորդումների զգալի մասը՝ ընկնելով սխալ հասկացված շուկայական հարաբերությունների հետևից, ոտնահարում էր մեր ազգային արժեքների համակարգը՝ միաժամանակ չհամապատասխանելով ազատ երկրի զարգացմանը բնորոշ բովանդակությանը: Ահազանգերի արդյունքում Հանրային խորհրդում նախաձեռնվեց և ստորագրվեց համապատասխան Խարտիան: Հարցը լուծվա՞ծ է, ոչ իհարկե: Անընդհատ պետք է շարունակել դիտարկումներն ու արձագանքը»: Միգրացիա: Տնտեսության զարգացման խոչընդոտների վերացում.«Այս երկու առանձին հարցերն առայժմ աշխատանքային խմբերում քննարկման փուլում են: Առաջիկայում կներառվեն ՀԽ լիագումար նիստի օրակարգ: Տնտեսության զարգացման խոչընդոտները կքննարկվեն հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության տեսանկյունից»:
Հրատապ հարցերի շարքում, որոնց արագ արձագանքել է Հանրային խորհուրդը, Վազգեն Մանուկյանը առանձնացրեց հետևյալները. Օտարալեզու դպրոցներ.«Ազգային Ժողովում ձեռք բերված փոխզիջումային լուծումը մասամբ պայմանավորված էր նաև ՀԽ քննարկումների արդյունքով»: «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ.«Գործընթացը կանգ առավ, բայց ավարտված չէ. անորոշ է մնացել դահլիճի հետագա ճակատագիրը: Մեր կոչը, որ բոլոր շահագրգիռ կողմերը նստեն սեղանի շուրջ և վերջնական լուծում տան հարցին, ցավոք, դեռ չի իրականացել»: Հղիության արձակուրդի վճարում. «ՀԽ-ն դեմ էր կառավարության որոշմանը. հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ իրավունքները պաշտպանող կանաց հետ, կարողացանք օրենքում որոշակի փոփոխությունների հասնել»:Անհատի իրավունքի պաշտպանության՝ հասարակական հնչողություն ստացած հարցերի լուծմանը նպաստած քայլերի մեջ Վազգեն Մանուկյանը նշեց ՀԽ աջակցությունը Մարիամ Սուխուդյանի դատական գործին, ինչպես նաև՝ Տավուշի մարզի գյուղերից մեկի վեց դատապարտյալ գյուղացիների համար ներման համար միջամտելու առիթով:
«Հասարակության համերաշխության հարցը մեզ մոտ առաջացավ ի սկզբանե, երբ որ Հանրապետության նախագահը համաներման հարցով դիմեց նաև մեզ: Հանրային խորհուրդը լրջորեն քննարկեց այդ հարցը, և մեր առաջարկությունների մեծ մասը մտավ վերջնական փաթեթի մեջ»,-ասել է Վազգեն Մանուկյանը:
Վերջում Վ.Մանուկյանը հավելեց նաև, որ ՀԽ-ն այնքան էլ ակտիվ չի աշխատում հասարակության հետ, զանգվածային լրատվամիջոցների հետ:





