AM
6 Մայիս 2011 - 06:53 AMT

Խոսրով Հարությունյան. Պետք է օգտագործել Հանրային խորհրդում առկա փորձագիտական ներուժը

Մայիսի 5-ի ընդլայնված լիագումար նիստում Հանրային Խորհուրդն ի գիտություն ընդունեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի զեկույցը՝ ՀԽ 2009-2010թթ. գործունեության վերաբերյալ: ՀԽ ընդլայնված լիագումար նիստի իր ելույթում Խոսրով Հարությունյանը նշեց, որ Հանրային խորհրդի առջև դրված ամենաառանցքային խնդիրն է իր կարծիքով, փորձել ոչ թե բարձրաձայնել ու ոչ այնքան բարձրաձայնել հանրության առջև ծառացած խնդիրները, այլ՝ օգտագործելով Հանրային խորհրդում առկա փորձագիտական հսկայական ներուժը, այդ հարցերի լուծման վերաբերյալ հանրապետության քաղաքական ղեկավարությանը ներկայացնել կոնկրետ առաջարկություն. «Եվ եթե փորձում ենք այդ առաքելության տեսանկյունից գնահատել Հանրային խորհրդի մեկ ու կես տարվա գործունեությունը, կարծում եմ, այս կոնտեքստում Հանրային խորհրդի գործունեության գնահատականը կարող է, թերևս, լինել՝ ամենաարդյունավետ և բովանդակային առումով, թերևս, օգտակար»:

Հովիկ Մուսայելյանը՝ ներկայացնելով հայկական հեռուստաեթերի բովանդակային քննարկումների նախաձեռնությունը, որի արդյունքը ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործուենության էթիկական սկզբունքների խարտիայի ստորագրումն էր, հավելեց. «Հետագա ամիսներին դրական տեղաշարժերն ակնառու էին, համարյա միաժամանակ ավարտվեց գաղութային արժեհամակարգը քարոզող սերիալների ցուցադրությունը, որոնց ըստ էության, պետք է հաջորդեին ազգային համերաշխություն և հանդուրժողականություն քարոզող ֆիլմերը և հաղորդումները…Սակայն, ցավոք, այն եկար չտևեց: Ռեյտինգների հետևից ընկնելու անառողջ գործելակերպը, հեռուստաեթերի գովազդային շուկայում տիրող անբարեխիղճ, ոչ պրոֆեսիոնալ իրավիճակը հանգեցրին նրան, որ այսօր ունենք ավելի վատ իրավիճակ, քան անցյալ տարի մինչև խարտիայի ստորագրելը եղած վիճակը»: Հավելեց, որ անհրաժեշտ է, որ Հանրային խորհուրդը ժամանակ առ ժամանակ անդրադառնա այս խնդրին՝ առաջարկություններ ներկայացնելով երկրի ղեկավարությանը: