AM
6 Մայիս 2011 - 13:32 AMT

ՀՊՃՀ Խորհուրդը միաձայն հաստատել է 2011-2015 թթ. Ստրատեգիական պլանը

Մայիսի 6-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տեղի ունեցավ ՀՊՃՀ կառավարման բարձրագույն մարմնի` Խորհրդի հերթական նիստը հետևյալ օրակարգով` ՀՊՃՀ 2006-2010թթ. Ստրատեգիական պլանի իրականացման հիմնական արդյունքների մասին հաշվետվություն և ՀՊՃՀ 2011-2015 թթ. Ստրատեգիական պլանի ներկայացում, քննարկում և հաստատում:

Առաջին հարցը ներկայացրեց ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ով 5 տարվա կտրվածքով նշեց համալսարանի ձեռքբերումները ստրատեգիական պլանի պահանջների տեսանկյունից` միաժամանակ անդրադառնալով նաև հանդիպած պրոբլեմներին և դժվարություններին, որոնք պատճառ են դարձել որոշ ցուցանիշների մասնակի ձեռքբերմանը: Չնայած վերջին հանգամանքին` ներկայացվածից ակնհայտ էր, որ ստրատեգիական հիմնական խնդիրները համալսարանի կողմից հաջողությամբ իրականացվել են:

ՀՊՃՀ նոր` 2011-2015 թթ. Ստրատեգիական պլանի նախագիծը ներկայացրեց Ստրատեգիական պլանի մշակման հանձնաժողովի նախագահ, պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, ով նշեց, որ ստրատեգիական նպատակների նոր լրակազմը, առաջադրված թիրախների տեսակետից, զգալի փոփոխություններ չի կրել, հիմնականում փոխվել են շեշտադրումները` համապատասխանեցվելով նոր իրողություններին և նոր հեռանկարներին:

Ներկայացված հարցերի շուրջ կայացավ հանգամանալից և շահագրգիռ քննարկում, որի արդյունքում ձևավորվեց համահավաք դրական կարծիք ինչպես ավարտված պլանի կատարողականի արդյունքների, այնպես էլ նոր պլանով առաջադրված նպատակների և խնդիրների վերաբերյալ:

Արդյունքում Խորհուրդը միաձայն հաստատեց ՀՊՃՀ 2011-2015 թթ. Ստրատեգիական պլանը` վերոնշյալ հանձնաժողովին հանձնարարական տալով մշակելու պլանի իրագործման պլան-ժամանակացույց և ներկայացնելու ՀՊՃՀ Գիտական խորհրդի հաստատմանը, հայտնում է ՀՊՃՀ մամլո ծառայությունը: