Մայիսի 11-ին Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում գտնվող Զորաց եկեղեցու տարածքում կկատարվեն մաքրման աշխատանքներ: Մաքրման աշխատանքները նախաձեռնել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը` ACTIVE CITIZENS ծրագրի շրջանակներում: Մայիսի 11-ից մինչև օգոսոտոսի 10-ը շուրջ 50 երիտասարդներ կիրականացնեն Վայոց Ձորի մարզի հուշարձանների, մասնավորապես` Զորաց եկեղեցու, հրեական գերեզմանոցի, Սպիտակավորի, Թանահատի, Սուրբ Խաչի, Ջրհովանիք և Նորավանքի տարածքների մաքրման ու կանաչապատման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում է Բրիտանական խորհուրդը, Հայաստանում այս ծրագրին կմիանան նաև Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդ համայնքի 12 ներկայացուցիչներ, ովքեր մշակելու են համատեղ գործունեության ծրագրեր և հետագայում կիրառելու են երկուստեք ձեռք բերված դրական փորձառությունը: Հուլիսին Բրեդֆորդ կմեկնեն արդեն հայ երիտասարդները` ծանոթանալու այդ համայնքի բնակիչների սոցիալական նախաձեռնություններին` այսպիսով կապ հաստատելով Հայաստանի և Միացյալ Թագավորության երկու համայնքների միջև:
Զորաց եկեղեցին կառուցվել է 14 դ-ում, հայ հռչակավոր ճարտարապետ Մոմիկի կողմից: Այն եզակի է իր հորինվածքով և ճարտարապետական լուծումներով: Եկեղեցու մուտքը ոչ թե իրենից ներկայացնում է դուռ, այլ զույգ սյուներ: Զորաց եկեղեցին կառուցվել էր պատերազմ մեկնող զինվորների համար, ովքեր մարտից առաջ գալիս էին եկեղեցի սուրբ հաղորդություն և օրհնություն ստանալու համար:





