AM
13 Մայիս 2011 - 13:26 AMT

Դատախազությունը հերքում է դատախազներ «ընտրելու ու հեռացնելու» մասին լուրերը

ՀՀ գլխավոր դատախազությունը, հարգելով հանրության ստուգված և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը, տեղեկացնում է, որ մամուլում հրապարակված այն լուրերը, թե իբրև «դատախազության համակարգում փորձում են ընտրել 5 դատախազի, որոնց նկատմամբ իբրև թե պետք է կոռուպցիոն հանցակազմերով մեղադրանքներ առաջադրվեն», և այդ ենթատեքստում անվանական հիշատակված ՀՀ դատախազության աշխատակցի անունը, բացարձակ անհիմն, մտացածին ասեկոսներ են` ուղղված պետական կայացած համակարգերի, մասնավորապես դատախազության` որպես հանցավորության դեմ պայքարում անզիջում քրեական քաղաքականություն իրականացնող համակարգի ներսում «ջուր պղտորելուն»: Այս մասին ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

«Նման լուրերը տարածողների մանկմիտ երևակայության արդյունքն են, ովքեր փորձում են ցանկալին իրականության տեղ ներկայացնել` համեմելով իբրև իրենց «աղբյուրներով»:

ՀՀ դատախազությունը հանցավորության դեմ պայքարում առաջնորդվում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններով, իրականացնում իր գործառույթները: ՀՀ դատախազության հետևողական, շարունակական բնույթ կրող գործողությունները, մասնավորապես կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում, ակնհայտ արտացոլված են հանցավորության դեմ պայքարի վիճակագրական արդյունքներում, որոնք մատչելի և հասանելի են յուրաքանչյուր քաղաքացու, շնորհիվ ԶԼՄ-ների և դատախազության պաշտոնեական էլեկտրոնային կայքէջի:

Ստահոդ տեղեկատվության մեջ հիշատակված դատախազության աշխատակիցը, ՀՀ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանը, բարեխիղճ կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որի համար պարգևատրվել է ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով, և նրան պաշտոնանկ անելու` առավել ևս կոռուպցիոն դրսևորումների համար պատժելու, որևէ հիմք չկա:

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ դատախազության դատախազների գործունեության անկախությունը պաշտպանված է օրենքով սահմանված կարգով, միջազգային չափանիշներին համապատասխան, և սահմանված են յուրաքանչյուր դատախազի պատասխանատվության հիմքերը»,- ասվում է հայտարարության մեջ:

«Հայկական ժամանակ»-ը իր մայիսի 13-ի համարում նշել էր, որ իր տեղեկություններով, Հայաստանի դատախազության համակարգում երկու շաբաթ է փորձում են ընտրել այն հինգ դատախազներին, որոնց կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի շրջանակներում պետք է «զոհաբերվեն» և պաշտոնանկ արվեն: