«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը 2010 թվականի հունիսից մինչև 2011 թվականի մայիսը անցկացրել է սոցիոլոգիական հետազոտություն ` «Զերծ պահիր ինձ քո կարծրատիպերից» խորագրով: Հարցմանը մասնակցել է 550 մարդ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից:
Մայիսի 31 –ին «Հասարակություն առանց բռնության» կազմակերպությունը ներկայացրեց հետազոտության արդյունքները, որոնք ընդգրկվել են առանձին գրքում:
Կազմակերպությունը Հայաստանում գործում է 2001 թվականից, ունի մասնաճյուղեր Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում և Երևանում. «Մեր գործունեության 10 տարիների ընթացքում մեր ծրագրերը իրականացնելիս մենք բախվել ենք տարբեր գենդերային խնդիրների, ուստի որոշեցինք կատարել նմանատիպ հետազոտություն` պարզելու մեր հասարակության ներկայացուցիչների կարծիքը գենդերային խնդիրների վերաբերյալ»,- ասաց «Կոտրենք կարծրատիպերը» ծրագրի ղեկավար Աննա Նիկողոսյանը:
Հետազոտությունն իրականացվել է մի քանի փուլերով` անցկացվել են ֆորումներ, որոնց շրջանակներում երիտասարդները կազմակերպել են տարբեր միջոցառումներ, տեղի են ունեցել նաև ակցիաներ և այլ միջոցառումներ:
Հարցման մասնակիցների 74 % նշել է, որ իրենց ազատությունը սահմանափակում է հասարակության կարծիքը, 35%-ը` ծնողները, 21 %-ը` կինը կամ ամուսինը: Ազատության սահմանափակողների թվում նշվել են նաև ուսուցիչը կամ դասախոսը, օրենքը, սեփական «եսը» և սոցիալական պայմանները:





