AM
31 Մայիս 2011 - 08:32 AMT

Հունիսի 1-ին «Ունիսոն» ՀԿ-ում կամփոփվեն հաշմանդամության թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները

Հունիսի 1-ին «Ունիսոն» հասարակական կազմակերպությունում տեղի կունենա հետաքրքիր միջոցառում: Ամփոփվելու են նախապես հայտարարված հաշմանդամության թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները: Մրցույթին, որը մեկնարկել էր ս. թ. մարտին, մասնակցել են Երևանի մի շարք միջնակարգ դպրոցների ավագ դասարանների աշակերտներ:

Մրցույթը անց է կացվում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ համատեղ` «Հաշմանդամների կազմակերպությունների հզորացում հանուն առավելագույն ներառման» ծրագրի շրջանակներում:

Աշակերտներին առաջարկվել էր գրել շարադրություն հաշմանդամների հասարակական կյանքում ինտեգրման հետ կապված հարցերի վերաբերյալ: Առաջարկվել էին հետևյալ թեմաները` «Որտե՞ղ պետք է սովորի հաշմանդամ երեխան` սովորակա՞ն, թե հատուկ դպրոցում», «Ընկերս հաշմանդամություն ունի», «Ի՞նչ է խտրականությունը, և ինչպե՞ս պայքարել դրա դեմ», «Խնամե՞ լ, օգնե՞լ, թե բացահայտել անձի թաքնված ներուժը»:

Վերջին փուլ է անցել 15 շարադրություն: Աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով և պատվոգրերով:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 1-ին ժամը 13.00-ին, հաղորդում է «Ունիսոն» ՀԿ լրատվական ծառայությունը: