AM
1 Հունիս 2011 - 13:34 AMT

Անչափահաս դատապարտյալները Տիգրան Սարգսյանին պատմել են իրենց երազանքների ու ապագայի մասին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երեխաների պաշտպանության օրվա առթիվ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ուղեկցությամբ այցելեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում են 17 անչափահաս դատապարտյալներ: Կառավարության ղեկավարը շրջել է քրեակատորաղական հիմնարկով, անչափահաս դատապարտյալների, նրանց ծնողների և հարազատների հետ մասնակցել ճաշկերույթի: Տիգրան Սարգսյանը ծանոթացել է այստեղ իրենց պատիժը կրող անչափահասների խնդիրներին: Վարչապետը հորդորել է լինել մեր երկրի օրինապահ քաղաքացիներ, և պատժի կրելուց հետո հանցանք չգործել:

Ավելի վաղ հիմնարկում կազմակերպվել էր «Իմ երազանքը», «Իմ ապագան» խորագրով շարադրության մրցույթ, որին մասնակցել էր 8 դատապարտյալ: Լավագույններին Տիգրան Սարգսյանն անձամբ հանձնեց պատվոգրեր և նվերներ` շախմատներ, ֆուտբոլի և բասկետբոլի գնդակներ, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ին նվիրել է համակարգիչ:

Պատասխանելով վարչապետի հարցերին` անչափահաս դատապարտյալները հավաստիացրել են, որ քրեակատարողական հիմնարկում ստեղծված են կենցաղային անհրաժեշտ պայմանները:

Քրեակատարողական հիմնարկում գործում է արհեստագործական ուսումնարան, որի ղեկավար Թեմիկ Խալաթյանն ՀՀ վարչապետին ներկայացրել է դատապարտյալների ձեռքի աշխատանքները, որոնք մասնակցել են միջազգային ցուցահանդեսների: Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ կան պատիժը կրող երեխաներ, որոնք մեկուսացված են հասարակությունից. «Կարևոր է նրանց համար ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի վերջիններս ապրեն լիաժեք` գիտակցելով կատարված մեղքը, նաև կրթվեն և դաստիարակվեն»: Կառավարության ղեկավարի համոզմամբ` ոլորտում առկա խնդիրների լուծման համար պահանջվում են բարեփոխումներ.«Քրեակատարողական հիմնարկի շինությունների ֆիզիկական մաշվածության աստիճանը բարձր է և այստեղ մեծածավալ ներդրումներ են պահանջվում»:

Վարչապետի խոսքով, քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների թվում կան տաղանդաշատ երեխաներ, որոնք հետագայում կարող են իրենց արժանի տեղը գտնել և լավագույն կերպով դրսևորվել հասարակությունում` արվեստի, գիտության սպորտի ոլորտներում: